Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը ևս միացել է այն հայերին, ովքեր Մոսկվայում մեծ քանակությամբ ծիրան են գնել:
Ինչպես հայտնի է, Մոսկվայի food city շուկայում երեկ գիշերվանից արգելվել է Հայաստանից արտահանված ծիրանի վաճառքը: Ադրբեջանցու պատկանող շուկայից մոտ 65 ֆուռ ծիրան էր հանվել: Սակայն, Մոսկվայի և հարակից շրջանների հայերը համախմբված գնել են ծիրանը՝ աջակցելով հայ առևտրականներին:
«Ֆուդ Սիթի» խանութների ցանցը Մոսկվայում արգելել է հայկական գյուղմթերքի վաճառքը: Եվ հիմա մեծ քանակությամբ բեռնատարներ հայկական գյումթերքով բարձված կանգնած են ճանապարհներին եւ չգիտեն՝ ինչ անել իրենց մթերքով: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գյուղմթերքը պետք է ինչ-որ կերպ սպառել, թեկուզ եւ ինքնարժեքով, որպեսզի ներկրողները մեծ վնասներ չկրեն:
Ես այժմ մեկնում եմ այն վայրը, որտեղ անմիջապես բեռնատարներից վաճառում են մրգերը, գյուղմթերքը եւ պատրաստվում եմ գնել այնքան մթերք, որքան տեղ կանի մեքենայումս: Գնումներս Խիմիկիում՝ իմ բնակավայրում, կբաժանեմ մարդկանց հենց այնպես:
Հուսամ՝ կոչիս կմիանան շատերը, եկեք միասին օգնենք այն մարդկանց, որոնք այդքան մեծ ջանք են գործադրել, հավաքել, կազմակերպել, բերել հասցրել են Մոսկվա»,- գրել էր Յանա Եգորյանն ու ուղևորվել շուկա, որտեղից մեծ քանակությամբ ծիրան էր գնել:
Ավելի ուշ արդեն, մարզուհին հասցե էր թողել ու նշել, որ ծիրանը բաժանելու է կարիքավոր ընտանիքներին:
Ավելի վաղ, Յանան նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող լարված իրավիճակին չի անդրադառնում ոչ թե որովհետև «թքած» ունի, այլ որովհետև կարծում է՝ իր մեկնաբանություններով ոչ մի հարց չի լուծվի և ոչինչ չի փոխվի: