«Ռեալը» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 2019/20 թվականների մրցաշրջանի չեմպիոն է։ «Արքայական» ակումբը 37-րդ տուրում Կարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին» ու անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Բարսելոնայի» համար։
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար սա արդեն 11-րդ տիտղոսն է այս պաշտոնում: Միջին հաշվով, ֆրանսիացի մարզիչը յուրաքանչյուր 19 հանդիպումներում նվաճում է տիտղոս:
Նախկինում Զիդանը «Ռեալի» գլխավորությամբ հաղթել էր Չեմպիոնների լիգան (2015/16, 2016/17, 2017/18), ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը (2016, 2017), Լա Լիգա (2016/17), Իսպանիայի Սուպերգավաթը (2017, 2019/20) և ակումբային աշխարհի առաջնությունը (2016, 2017):
«Ռեալը» իր պատմության ընթացքում 34-րդ անգամ է հաղթում Իսպանիայի առաջնությունում։ Վերջին անգամ Լա լիգայում «բլանկոսները» հաղթել էին 2016/17 թվականների խաղարկություններում։ Այդ ժամանակ ևս «արքայական» ակումբը գլխավորում էր Զինեդին Զիդանը։