2006 թ-ից սկսած Ջերմուկում անցկացվում է ամենամյա շախմատի միջազգային մրցաշար: 2014 թ-ին մրցաշարի հիմնադիրներից Ստեփան Ավագյանի մահվանից ի վեր առաջնություն անցկացվում է որպես հուշամրցաշար: Մինչ այս տարի առաջնությունը կրում էր մանկապատանեկան բնույթ, որին մասնակցություն էին ունենում տարբեր երկրների հարյուրավոր շախմատիստներ. հիմնականում ՝ Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից և Իրանից: Այս տարի համավարակով պայմանավորված, որոշվել էր փոխել ձևաչափը. շվեյցարականի փոխարեն շախմատիստները խաղացին շրջանաձև մրցակարգով: Դա ենթադրում էր 10 շախմատիստի մասնակցություն և մասնակցության հրավեր էր ուղարկվել այս պահի դրությամբ Հայաստանի լավագույն շախմատիստներից 10-ին:
Մասնակցեցին 6 գրոսմայստեր, 3 միջազգային վարպետ ու 1 ֆիդեի վարպետ: Այսպիսի աստղային կազմով 4-ամսյա խաղային դադարից հետո մրցաշարն անչափ հետաքրքիր ստացվեց: Չեմպիոնական պայքար չեղավ, քանի որ Մանուել Պետրոսյանը բոլորից մեկ գլուխ բարձր էր այս մրցաշարում:
Մրցաշարի ավարտից հետո Armsport-ը զրուցեց հաղթող Մանուել Պետրոսյանի հետ, որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր.
-Մանուել, նախ շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Հե՞շտ տրվեց հաղթանակը, թե՞ խանգարեց նաև համավարակով պայմանավորված խաղային պրակտիկայի բացակայությունը:
-Շնորհակալ եմ: Կազմը շատ երիտասարդ էր: Բոլորը լավ էին խաղում, բոլորը կարող էին միմյանց հաղթել, սակայն ինձ հաջողվեց վերադարձնել լավագույն մարզավիճակն ու մրցաշարում հաղթել:
— Շատ է խոսվում այն մասին, որ ի տարբերություն ուժային մարզաձևերի, շախմատին համավարակը գրեթե չի վնասել: Արդյո՞ք այդպես է, թե ամեն դեպքում խաղային պրակտիկայի բացակայությունը վնաս է:
-Իհարկե, մարզվել հնարավոր է: Միգուցե, մարզվելու համար լավագույն պայմաններն են, բայց նաև խաղային պրակտիկա է հարկավոր: Կարող ենք 1-2 տարի մարզվել, բայց չխաղալով՝ սովորածը կմոռանանք:
-Օնլայն հարթակում մրցաշարերը շա՞տ են տարբերվում իրական խաղերից:
-Օնլայն հարթակում շատ են խարդախությունները, և ես լուրջ չեմ ընդունում այդ մրցաշարերը:
-Առաջիկայում կա՞ն պլանավորած մրցաշարեր, թե կրկին պետք է սպասեք:
-Ոչ, չկան մրցաշարեր, և այս առումով բոլորս վատ վիճակում ենք: Մենք սովոր ենք, որ անըդհատ ինչ-որ մրցման ենք մասնակցում, իսկ այսպես առանց խաղալու շատ դժվար է:
Արմեն Գարամյան