«Ես շոկի մեջ եմ․ առաջին հերթին ապականվել է իմ անունը՝ որպես մասնագետ։ Այդ խարանով, չգիտեմ, ի՞նչ կլինի հետո, բայց ես վստահ կգնամ առաջ ակումբի հետ միասին, մինչև Լոզան՝ ծախսելով իմ բոլոր ուժերը, էներգիան, եթե պետք է ֆինանսները, որպեսզի մաքրեմ իմ անունը»,- ասել է «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն՝ ակումբի կողմից այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք՝ ՀՖՖ-ն օրերս դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը՝ հայտարարելով, որ 5 ակումբ, այդ թվում Երևանի «Լոկոմոտիվը», ներգրավված է եղել պայմանավորված խաղերում, ինչի արդյունքում 58 մարդ որակազրկվել է, 45-ը՝ ցմահ: Այդ 58 անձնացից 25-ն ուկրաինացի է, որոնցից 12-ը ներկայացնում էին հենց «Լոկոմոտիվը»:
Անդրադառնալով ՀՖՖ-ի այդ որոշմանը՝ Լիտովչենկոն նշել է, որ իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է ֆուտբոլին, ունի փորձ և արդյունքների է հասել Ուկրաինայում, աշխատել է Բելառուսում և այն մարդիկ, ովքեր ճանաչում են իրեն, գիտեն, որ առանց կոնկրետ առաջդրանքների ինքը չէր գա այստեղ աշխատելու։ «Իմ առջև խնդիր է դրված եղել դուրս բերել թիմը Բարձարգույն խումբ, ու բոլորը գիտեն, որ մինչև չարաբաստիկ 28-րդ տուրը մենք հիանալի կերպով կատարում էինք այդ առաջադրանքը։ Մրցաշարային աղյուսակում մենք միայն մեկ պարտություն էինք կրել, այն էլ՝ տեխնիկական»,-ասել է մասնագետը։
Նա նաև ավելացրել է՝ իր համար շոկ էր, որ գլխավոր մրցակցի հետ հանդիպումը ՀՖՖ-ն նշանակված ամսի 2-ի փոխարեն տեղափոխել է ամսի 4․ «Մեր մրցակիցը խաղում է իր խաղը, հասնում մեզ միավորներով և լրացուցիչ ցուցանիշներով շրջանցում մրցաշարային աղյուսակում, որից հետո դադարեցվում է առաջնությունը։ Ես ոչինչ չունեմ այդ ակումբի դեմ, հարգում եմ նրանց, որպես արժանի մրցակցի, բայց պետք չէ երկակի ստանդարտներ կիրառել, գոնե թույլ տային ավարտել տուրը կամ ընդհանրապես չսկսեին տուրը»,- նշել է Լիտովչենկոն։
«Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի զարմացրել է այն հանգամանքը, որ մինչև որակազրկման որոշումը ՀՖՖ-ն գեթ մեկ անգամ չի կանչել, չի շփվել իրենց հետ։
«Ես վստահ նայում էի ապագային, բայց տեղի ունեցավ, չգիտեմ, վայրագություն։ Ուկրաինական ԶԼՄ-ները ինձ հարցնում էին․ «Ինչպե՞ս։ Ինչպե՞ս այդպիսի բան կարող էր տեղի ունենալ։ Ձեզ նույնիսկ մեկ անգամ չեն կանչել ու այդպիսի դաժան պատի՞ժ»։ Ես ունեմ միայն մեկ պատասխան՝ ՀՖՖ-ում ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում, այստեղ երկու կարծիք չկա։ Նախագահը, ձեր նախկին գործընկերը (նկատի ունի լրագրողներին), երևի որոշել է գնալ ուղով, սև փիառով մեր հասցեին։ Ներկա պահին իմ էմոցիաներն են խոսում, ցավոք սրտի, բայց դուք պետք է ինձ հասկանք, ես շոկի մեջ եմ։ Բոլոր ուկրաինական ԶԼՄ-ներում, ինչու և ոչ, ամբողջ աշխարհում գնում է այդպիսի սև փիառ»,- ասել է ուկրաինացի մարզիչը, ավելացնելով․ «Ձեռքս սրտիս դրած, ասում եմ, որ առաջին հերթին ուզում էի գնալ ՀՖՖ և նայել այն մարդկանց աչքերի մեջ, ովքեր կատարել էին այդ որոշումը»։
«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչն, ուսումնասիրելով ՀՖՖ իր դեմ ներկայացրած հիմքերն ընդհանրապես զարմացել է, իր խոսքերով՝ ՀՖՖ-ն ոչ մի ապացույց չունի և ցանկանում է, որ ՀՖՖ-ն փաստերով ապացուցի իրենց հասցեին հնչեցված մեղադրանքները, ևս մեկ անգամ նշելով, որ «զարմացած և ճնշված է այդպիսի մեղադրանքներից ու որոշումներից, և կարևոր չէ, որ դա կատարվել է Հայաստանում, մինչև վերջ գնալու է Լոզան, դա սկզբունքի հարց է»։
Ինչ վերաբերվում է նրա գործունեությանը Հայաստանից դուրս, Լիտովչենկոն նշում է, որ խորհրդակցել է իրավաբանների հետ, որակազրկման որոշումը միայն ՀՖՖ-ի կողմից է, նա կարող է այլ երկրներում աշխատել, թեև ՀՖՖ-ն կարող է այլ երկրների ֆեդերացիաներին իր ունեցած հիմքերը ներկայացնել։ Մարզչի խոսքերով իր համար սկզբունքային հարց է հասնել արդարության՝ իր անունը սևացրել են։