«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ուժեղացնել կազմը։ Սպորտային արբիտրաժային դատարանը բավարարել է «քաղաքայինների» բողոքը, ինչը նշանակում է, որ Պեպ Գվարդիոլայի սաները կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը նաև հաջորդ տարի։
Այս պատճառով «Ման․ Սիթին» մտադիր է ակտիվանալ տրանսֆերային շուկայում։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ նրանք ցանկանում են ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային, որը Պեպ Գվարդիոլայի հետ նախկինում աշխատել է մյունխենյան թիմում։ Տրանսֆերային նպակատների թվում են նաև «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին և «Ինտերի» հարձավող Լաուտարո Մարտինեսը։
Հաղորդվում է նաև, որ ակումբը մտադիր է առաջիկայում երկարաձգել պայմանագրերը Կևին դե Բրույնեի, Ռահիմ Ստերլինգի և Գաբրիել Ժեզուսի հետ։ Կա մտադրություն երկարաձգելու նաև Գվարդիոլայի պայմանագիրը։ Այն ավարտվում է հաջորդ ամառ։
Աղբյուրի տեղեկությամբ՝ «Սիթին» ցանկանում է առնվազն երկու հարձակվողի ձեռք բերել։ Դրանով նրանք ցանկանում են փոխարինել Սերխիո Ագուերոյին, որը մտադիր է կարիերան շարունակել Արգենտինայում։