Երևանի «Ուրարտուի» առաջին համալրումը` 29-ամյա կիսապաշտպան Օլեգ Պոլյակովը, պայմանագիր ստորագրելուց հետո զրուցել է ակումբի մամուլի ծառայության հետ: Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
«Տպավորություններս լավն են, ես լսել էի այս ակումբի մասին, որովհետև «Ուրարտուի» և նախկին ակումբիս՝ «Արմավիրի» սեփականատերը նույն մարդն էր: Այստեղ ամեն ինչ ուրախացնում է: Բազայի մասին կասեմ, որ այն շատ լավն է, ինձ դուր է գալիս, ամեն ինչ կա՝ մարզասրահ, վերականգնողական միջոցներ, լողավազան, սնունդ: Թիմն ինձ լավ ընդունեց, ծանոթացել եմ տղաների հետ, բայց դեռ չեմ հասցրել բոլորին հիշել, հետո կսովորենք, այնպես որ ամեն ինչ լավ է:
Ուսումնամարզական հավաքի ընթացքում ստուգողական խաղ ենք անցկացրել «Ուրարտուի» հետ, ես էլ դարձել էի միակ գոլի հեղինակը: Այն ժամանակ «Ուրարտուի» կազմը նոր էր ձևավորվում, գլխավոր մարզիչը նոր էր եկել, հիմա՝ մի քանի մարզում թիմի հետ անցկացնելով, հասկացա, որ մակարդակն ամբողջությամբ այլ է, թիմն առաջադիմել է և՛ ֆիզիկապես, և՛ տեխնիկապես :
Ես ավելի շատ հարձակողական ոճի խաղացող եմ, կարող եմ խաղալ նաև կիսապաշտպանության եզրերում, ինչպես նաև ենթահարձակվողի, հարձակվողի գոտում: Կարևոր չէ, թե որ դիրքում կխաղամ, կարևորը՝ թիմին օգուտ տալն է։
Նպատակս անհատական, չէ այլ թիմային է։ Պետք է հաղթել յուրքանչյուր խաղում ու զբաղեցնել առաջին հորիզոնականը:
Ցանկանում եմ, որ երկրպագուները շատ լինեն մարզադաշտում, աջակցեն թիմին։ Մենք էլ ամբողջ թիմով պետք է աշխատենք որակյալ ու արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել»,- ասել է Պոլյակաովը: