Հայտնի է Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանի առաջին նորեկը․ «Կադիսը» վաղաժամ նվաճել է Լա Լիգայի ուղեգիր՝ Սեգունդայի 40-րդ տուրի արդյունքներով: Դա տեղի ունեցավ «Օվիեդոյի»՝ «Սարագոսայի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ (4-2): Նման է «Լիվերպուլի» չեմպիոնության պատմությանը, երբ անգլիական թիմին տիտղոս նվիրեց «Չելսին»՝ հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»։
Եթե համեմատենք, օրինակ, «Բենևենտոյի» հետ, ապա սխալ կլինի «Կադիսին» սեգունդայում բացահայտ դոմինանտ համարել։ Եթե մրցաշրջանի ավարտից յոթ տուր առաջ «վհուկները» 24 միավորով գերազանցում էին երկրորդ և երրորդ տեղերի թիմերին, ինչը երաշխավորում էր ակումբի մասնակցությունը Ա Սերիայի հաջորդ մրցաշրջանին, ապա Իսպանիայի ուժով երկրորդ լիգայում Լա Լիգայի ուղեգրի համար համառ պայքար է ընթանում։
«Դեղին սուզանավը» առաջնության ավարտից երկու տուր առաջ 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ երրորդ տեղը զբաղեցնող «Սարագոսայից» առաջ է 7 միավորով: Առաջին երկու տեղերը գրաված թիմերը ավտոմատ կերպով ստանում են Լա Լիգա դուրս գալու իրավունք: Հիմա կասեք՝ «Դեղին սուզանավը» դա «Վիլյառեալն» է, և չեք սխալվի, բայց Իսպանիայի հարավ-արևմուքում գտնվող Կադիս քաղաքի համանուն թիմի երկրպագուները իրենց սիրելի թիմին ևս անվանում են «Դեղին սուզանավ». այդ անվանումը կապված է The Beatles-ի “Yellow Submarine” երգի հետ, և երկու ակումբների երկրպագուները մինչ այժմ վիճում են՝ ո՞ր ակումբն է առաջինը ստացել այդ մականունը։
Վերջին անգամ «Կադիսը» ելույթ է ունեցել Լա Լիգայում 2005/2006 մրցաշրջանում: Ընդհանուր առմամբ, ակումբը 12 մրցաշրջան է անցկացրել Իսպանիայի բարձրագույն լիգայում, որից լավագույնը 1987/88 մրցաշրջանն էր, որում թիմը զբաղեցրել էր 12-րդ տեղը։
«Դեղին սուզանավի» նավապետը իսպանացի մասնագետ Ալվարո Դիասն է, ով գլխավորում է թիմը 2016 թվականից։ Կազմում շատ են փորձառու ֆուտբոլիստները։ Կառանձնացնեի թիմի ավագ, 41-ամյա դարպասապահ Ալբերտո Ցիֆուենտեսին, ով ժամանակին հանդես է եկել «Մալյորկայում» և լեհական «Պիաստում»։ Թիմի առաջատարը կիսապաշտպան Ալեքս Ֆերնանդեսն է, ով նաև թիմի գլխավոր ռմբարկուն է՝ 12 գոլ։ Նա «Ռեալի» սան է և ժամանակին հանդես է եկել «Էսպանյոլում»։
Ալեքս Ֆերնանդես
Թիմի պաշտպանական գործառույթների համար պատասխանատու են ուրուգվայցի Ալֆոնսո Էսպինոն, Հասարակածային Գվինեան ներկայացնող Կարլոս Ակապոն և իսպանացի Իսահակ Կարսելենը՝ եզրերում, Ֆալի Խիմենեսը, Խուան Կալան և Մարկոս Մաուրոն՝ կենտրոնում։ Կիսապաշտպանությունում բավականին վստահ խաղ են ցուցադրում ֆրանսիացի Յան Բոդիգերը, իսպանացիներ Խոսե Մարին, Իվան Ալյեխոն և Սալվի Սանչեսը, ինչպես նաև «Աթլետիկոյի», «Սպարտակի» և «Շալկեի» նախկին ֆուտբոլիստ Խոսե Խուրադոն։ Հարձակման գծում հանդես են գալիս փորձառու Ալվարո Խիմենեսը, Ալբերտո Պերեան, Նանո Մեսան և Հոնդուրասի հավաքականի հարձակվող Չոկո Լոսանոն։ Բացի Պերեայից, մյուս բոլոր հարձակվողները «Կադիսում» խաղում էին վարձավճարով, սակայն ակումբը արդեն իսկ ձեռք է բերել բոլոր խաղացողների ամբողջական տրանսֆերային իրավունքները։
Ինչպես երևում է՝ թիմը հիմնականում համալրված է միջին տարիքի, նախկինում ոչ շատ բարձրակարգ ակումբներում հանդես եկած, սակայն փորձառու ֆուտբոլիտներով։ Բայց Լա լիգան դա Սեգունդա չէ, և հաջորդ մրցաշրջանում Իսպանիայի ուժեղագույն լիգայում գոնե բավարար գնահատական ստանալու համար թիմին միանշանակ նոր համալրումներ են պետք, ցանկալի է՝ ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներով, ինչպես, օրինակ․․․
Առաջին ձեռքբերումը
«Կադիսը», որը դեռ երեկ է Լա Լիգայի ուղեգիր նվաճել, հայտարարել է հարձակվող Ալվարո Նեգրեդոյի հետ պայմանագիր կնքելու մասին: «Կադիսը» արդեն կատարել է առաջին տրանսֆերը՝ մասնակցելու համար Լա լիգայում: Նա Ալվարո Նեգրեդոն է», – մեջբերում է «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկայնոյին El Partidazo-ն: 34-ամյա հարձակվողը ներկայումս հանդես է գալիս ԱՄԷ-ի «Ալ-Նասր» թիմում: Ավելի վաղ Նեգրեդոն, ով Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել էր 21 հանդիպում և խփել 10 գոլ, խաղացել է «Սևիլիայի», «Վալենսիայի», «Մանչեսթեր Սիթիի», «Միդլսբրոյի» և «Բեշիկթաշի» կազմում: