«Ֆիորենտինայի» երկրպագուները դիմել են թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ֆրանսիացի ֆուտբոլիստը, Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Պարմայի» հետ խաղից վերադառնալով (2:1), բացահայտել էր, որ Ֆլորենցիայում գտնվող իր տունը կողոպուտի է ենթարկվել:
Ավելի ուշ, Ռիբերին գրել էր, որ իրեն ապահով չի զգում Ֆլորենցիայում և ակնարկել էր, որ կարող է հեռանալ «Ֆիորենտինայից».
«Սիրելի Ֆրանկ, մենք հասկանում ենք քո սարսափը, բայց մաքրի՛ր բերանդ, նախքան Ֆլորենցիայի մասին խոսելդ: Սա Մեդելյենը չէ, գիտե՞ս: Հարուստ մարդկանց ամեն տեղ էլ թալանում են, բայց, բարեբախտաբար, նրանք կարողանում են իրենց անվտանգության համակարգեր թույլ տալ և մասնավոր թիկնապահներ: Աղքատներին ևս կողոպտում են, բայց մենք կարող ենք դա միայն լուռ ընդունել»,- ասվում է «Ֆիորենտինայի» երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձինք թալանել են 37-ամյա ֆրանսիացու տունը, երբ նա տանը չի եղել։ Վնասի չափը չի հստակեցվում։