Ամերիկացի թենիսիստ Ֆրենսիս Տիաֆոն վարակվել է կորոնավիրուսով։ Այս օրերին Ատլանտայում ընթանում է All-American Team Cup ցուցադրական մրցաշարը, որին մասնակցում էր նաև Տիաֆոն։
Հուլիսի 3-ին նա 2 սեթում հաղթել էր Սեմ Քուերիին։ Չնայած Տիաֆոյի վարակման փաստին՝ մրցաշարը չի դադարեցվելու։
«Ցավոք, Covid-19-ի իմ թեստի պատասխանը դրական է եղել, և ես պետք է հրաժարվեմ All-American Team Cup մրցաշարում հետագա մասնակցությունից։ Այն յուրահատուկ իրադարձություն էր Ատլանտայում այս հանգստյան օրերին։
Վերջին 2 ամիսների ընթացքում ես մարզվել եմ Ֆլորիդայում։ Մոտ մեկ շաբաթ առաջ այնտեղ իմ թեստի պատասխանը բացասական էր եղել»,-գրել է Տիաֆոն Twitter-ի իր էջում։
Տիաֆոն հաջորդ շաբաթվա սկզբում ևս մեկ թեստ կհանձնի։ Ներկա պահին նա ինքնամեկուսացման մեջ է։