Երևանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն, որի կարծիքով ՀՖՖ-ն իրենց հանդեպ անարդարացի է գտնվել, ասում է՝ պայքարելու են մինչև վերջ՝ ապացուցելու համար, որ կապ չունեն պայմանավորված խաղերի հետ:
Երևանյան ակումբի գլխավոր մարզիչը հարցազրույց է տվել ուկրաինական Football.ua-ին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
-Եղե՞լ են ինչ-որ ապացույցներ, որոնց համաձայն 58 մարդ որակազրկվել է, իսկ նրանցից 45-ը՝ ցմահ:
-Ոչ մի ապացույց չկա, հենց սրանում է պարադոքսը: Մենք ունենք այն, ինչ կա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում: Մեր ակումբին էլ այդ նույն որոշումն է ուղարկվել: Ոչ մի մեղադրանք չենք ստացել մեր հասցեին: Գործին առնչվող նյութերը ևս չունենք: Մեզ մեղադրում են նրանում, ինչ մենք չենք արել: Առանց մեղքի մեղավոր ենք: Ոչ մի հետաքննություն չի իրականացվել, մեզ որևէ մեկը հարցաքննության չի կանչել:
Ինձ համար սա պարզ սադրանք է: Այս ամենը արվում է, որպեսզի թիմին թույլ չտրվի բարձրանալ Բարձրագույն խումբ: Չգիտեմ՝ ինչու են նման բարբարոս միջոցներով գործում:
Ինձ համար ցավալի է, որ ուկրաինացի լրագրողները այդ կեղծիքը վերցրին ու տարածեցին: Հետաքննություն չի եղել: Սա պարզապես շոկ է: Դուք այդ մասին իմացել եք երեկ, իսկ մենք՝ ուրբաթ երեկոյան: Հիմա հանգստյան օրեր են, իսկ երկուշաբթի մենք մամուլի ասուլիս կհրավիրենք, մեզ կպաշտպանենք: Ես խոստանում եմ, որ կգնամ մինչև վերջ, եթե պետք լինի՝ նաև Լոզան կգնամ: Բայց այս ամենը՝ հերթով, սկզբում երևի կդիմենք բողոքարկման կոմիտեին: Մենք մտադիր ենք մաքրել մեր անունն ու տղաների անունները: Առհասարակ չեմ հասկանում՝ ինչ չափորոշիչներով են պատժել մարդկանց: Մեր ձեռքում ոչինչ չկա:
-Այսինքն այս ամենի հիմքում ընկած է ՀՖՖ նախագահի անձնական վիրավորանքն առ այն, որ ձեր ակումբը չի՞ ներկայացել ընտրություններին:
-Չգիտեմ, թե ինչ վիրավորանքներ ունի ֆեդերացիայի նախագահը: Այս ամենն ինձ ասել է «Լոկոմոտիվ» ակումբի նախագահ Հրաչիկ Քանանյանը: Ես ֆեդերացիայում ոչ մի անգամ չեմ եղել, ոչ մեկին չգիտեմ: Գիտեմ, որ Արմեն Մելիքբեկյանը նախկին լրագրող է, որի աթոռը հիմա սկսել է ճոճվել: Նրան ռեզոնանս է հարկավոր: Հնարավոր է՝ նա ցանկանում ուկրաինական թիմի հաշվին փիառ ստանալ ու բարձրացնել իրեն ֆեդերացիայի աչքերում, որպեսզի ավելի երկար կառավարի: Սա իմ ենթադրությունն է, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ այն, ինչ վերաբերում է ֆեդերացիային, ես իմանում եմ իմ նախագահից:
-Ինչո՞ւ է «Վանը» ձեռնտու ֆեդերացիային:
-Մեր նախագահն ասում է, որ ընտրությունների ժամանակ Մելիքբեկյանը խոստացել է օգնել «Վանին» և «Վեստ Արմենիային»: Վերջինս թեստավորումը չանցավ ու Բարձրագույն խմբին մասնակցելու արտոնագիր չստացավ: Մենք և «Վանն» այդ արտոնագիրը ստացանք: Իսկ հետո, ինչպես ասում են, սկսվեց ամենահետաքրքիրը:
-Այս որակազրկումները կազդեն միայն ՀՖՖ-ի՞ հովանու ներքո անցկացվող մրցաշարերում, թե՞ այլ երկրներում ևս կտարածվեն:
-Ինձ հետաքրքիր չէ՝ արդյոք ՀՖՖ-ն ունի իրավունք ցմահ որակազրկելու ամբողջ աշխարհում: Շատ խիստ կասկածում եմ:
Ես ցանկանում եմ մաքրել իմ ազնիվ անունը: Ոչ մի գործընթաց չի իրականացվել: Այսպես ցանկացած մենեջերի ու ֆուտբոլիստի կարելի է մեղադրել: Հասկացեք՝ ես այդքան խորամուխ չեմ եղել, սա մեզ համար շոկ էր, մենք միայն հիմա ենք սկսում վերլուծել: Մենք չունենք ոչ մի տեղեկություն, բացի նրանից, ինչ հրապարակել է ՀՖՖ-ն:
«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը՝ իր նախագահի գլխավորությամբ, գլխավոր մարզչով և ֆուտբոլիստներով, ցանկանում են արդար հետաքննություն, ոչ թե նման հապճեպ ու կեղտոտ գործ, որը նրանք սարքել են մեր դեմ: