Հուլիսի 2-ին մի շարք երկրներում նշվում է աշխարհի ամենահետաքրքիր ու էմոցիոնալ մասնագիտություններից մեկի՝ մարզական լրագրության ու մարզական լրագրողի օրը:
«Սա այն մասնագիտություններից է, որտեղ իսկապես մեծ սեր և նվիրվածություն է պահանջվում գործի նկատմամբ». մարզական մեկնաբան, Vnews-ի լրագրող Արման Աբելյանի հետ խոսել ենք մարզական լրագրության առանձնահատկությունների ու դժվարությունների մասին.
— Ի՞նչ է քեզ տվել մարզական լրագրությունը ու ինչո՞ւ դառնալ մարզական լրագրող:
-Սա այն մասնագիտություններից է, որտեղ իսկապես մեծ սեր և նվիրվածություն է պահանջվում գործի նկատմամբ: Առանց դրա հնարավոր չէ, որովհետև կարող ես ունենալ շատ խառն ու հագեցած գրաֆիկ և չհոգնելու կամ չհիասթափվելու համար քեզ ինչ-որ լրացուցիչ ուժ է պետք: Սա նաև տարբերվում է նրանով, որ լավ մասնագետ լինելու համար պիտի շատ-շատ ժամանակ հատկացնես դրան, լրացուցիչ շատ աշխատես քեզ վրա, այսինքն՝ չունենաս սովորական գրաֆիկ:
Մասնագիտությունը շատ բան է տվել, առանց դրա չեմ պատկերացնում կյանքս: Բազմաթիվ ծանոթություններ, ճանապարհորդություններ, և դա միայն փոքր մասն է այն ամենի, ինչ այն տվել է ինձ:
— Աշխատանքային կարիերայիդ ամենահիշարժան դրվագը, իրադարձությունը և ինչո՞ւ:
-Ամենահիշարժան իրադարձությունը, թերևս, Հունաստանի հավաքականի հետ արտագնա խաղին ներկա լինելն էր: Հավաքականի մասնակցությամբ 4 արտագնա խաղի եմ ներկա գտնվել, բայց այդ 4-ից միայն մեկում է հավաքականը հաղթել՝ հենց Հունաստանի հետ: Այդ ժամանակ թիմը շատ լավ մարզավիճակում էր, շատ լավ տրամադրություն էր տիրում ու շատ հաճելի էր լուսաբանել հավաքականի հաղթական խաղը: Այդպիսի զգացողություններ երբեք չէի ունեցել ու կարծում եմ՝ միայն հավաքականի՝ դրսում տարած նման հաղթանակը կարող էր այդքան ոգևորություն և ուրախություն պարգևել խաղը լուսաբանող լրագրողներին:
— Մարզական լրագրողի աշխատանքի դժվարությունները, որոնք հատուկ են միայն այս մասնագիտությանը:
-Մարզաշխարհի մարդիկ՝ մարզիկներ, մարզիչներ, իրենց տեսակով յուրահատուկ են: Հարկավոր է նրանց հետ ճիշտ հարաբերություններ հաստատել, ինչը հաճախ բարդ է թվում: Կարծում եմ՝ այս մասնագիտությունը բարդ է նաև իր խորությամբ, ինչքան սովորես, այնքան սովորելու բան կա: Դա վերաբերում է բոլոր մարզաձևերին: Ի տարբերություն լրագրության մյուս ոլորտների՝ մարզական լրագրողները, կարծում եմ, ավելի շատ են աշխատում իրենց կատարելագործման վրա ու փորձում հնարավորինս խորասուզվել դրա մեջ:
— Ի՞նչ կմաղթես գործընկերներիդ ու ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր նոր են սկսում այս ճանապարհը:
— Խորհուրդ կտամ ամբողջապես նվիրվել իրենց արածին և այդ պարագայում ամեն ինչ էլ կստացվի: Եթե հասկանում են՝ իրենցը չէ, ավելի լավ է չընտրեն այս մասնագիտությունն ու այլ ուղով գնան. սա շատ բարդ և յուրահատուկ մասնագիտություն է: Չկա ավելի լավ բան, քան այն, երբ քեզ վճարում են նրա համար, ինչ դու սիրով կանեիր նաև անվճար:
Նարե Հովհաննիսյան