Մոտ մեկ ամիս առաջ հայտնի էր դարձել, որ «Ֆեյենորդի» և «Ռեդինգի» նախկին գլխավոր մարզիչ Յապ Ստամը մարզչական կարիերան շարունակելու է MLS-ում։
ՊՍՎ-ի, «Մանչեսթեր Յունայթեդի», «Լացիոյի», «Միլանի» և Նիդերլանդների հավաքականի լեգենդը գլխավորել է «Ցինցինատին»։ Այս մասին ասվում է ակումբի պաշտոնական կայքի տարածած հայտարարությունում։Նիդերլանդական NOS հանդեսը հայտնում է, որ պայմանագիրը կնքվել է կես տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Սակայն նիդերլանդացին շատ զարմացավ, երբ ակումբը հայտարարեց իր նշանակումը մեկ այլ անձի լուսանկարով:
«Ցինցինատին» թվիթերում տեղադրել էր մի նկար, որում ասվում է. «Welcome Yap», բայց Ստամի փոխարեն կցել էին Տինուս Վան Տոնեբրակի լուսանկարը: Նա ևս մարզիչ է: Եվս Նիդերլանդներից է (աշխատում է «Այաքսի» երիտասարդական թիմի հետ): Եվ ևս ճաղատ է:
Հետո ակումբի մամուլի ծառայությունը արագ շտկեց այդ սխալը և տեղադրեց նոր նկար։
Բայց արդեն ուշ էր․․․ MLS-ի մնացած ակումբները հեղեղեցին սոցցանցերը ճաղատ հայտնի մարդկանց լուսանկարներով և շնորհավորեցին Յապին նշանակման կապակցությամբ՝ Ջեյսոն Սթաթամի, Վին Դիզելի, Վոլան դե Մորտի, Վիկտոր Սուխորուկովի և նույնիսկ միստր Պրոպերի նկարներով: