«Բարսելոնայի» ղեկավարությունը արտակարգ հանդիպում է անցկացրել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենի հետ։ Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով RAC1-ին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն, ինչպես նաև Էրիկ Աբիդալը, Օսկար Գրաուն ու Խավյեր Բորդասը գնացել են մարզչի տուն՝ քննարկելու «Բարսելոնայում» առաջացած իրավիճակը։
Հաղորդվում է, որ նրանք աջակցություն են հայտնել մասնագետին ու հանդիպումն ավարտվել է «եղբայրական գրկախառնություններով»։ Ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում գոնե մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ հեռացնել Սետյենին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» խաղացողների ու Սետյենի միջև կոնֆլիկտ է ծագել Պրիմերայի 32-րդ տուրի՝ «Սելտայի» հետ խաղից (2-2) հետո։
Ֆուտբոլիստները դեմ են եղել մարզչի որոշ տակտիկական որոշումներին։ Նրանք համաձայն չեն նաև մարզչի աշխատանքային որոշ մեթոդների հետ։ Խաղացողները կարծում են, որ հաջողության չեն հասնի, եթե ոչինչ չփոխվի։
«Բարսելոնան» 32 տուրում վաստակած 69 միավորով Իսպանիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։