«Փյունիկի» հետ խաղից հետո «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կազմակերպված հեռավար ասուլիսի ընթացքում ամփոփել է մրցաշրջանը ու խոսել առաջիկա ծրագրերի մասին, փոխանցում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՄԱՍԻՆ
«Այս խաղով մենք ավարտեցինք մրցաշրջանը: Այն կարելի է համարել ոչ միայն չհաջողված, այլև ձախողված: Ես էլ իմ մասնակցությունն ունեմ դրանում: Ես արդեն նշել եմ, որ գավաթի կիսաեզրափակչի խաղում ես իմ փոփոխություններով զրկեցի թիմին եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: Ճիշտ է, սա թեորիա է, բայց իրականում սխալ էր: Այս մրցաշրջանում, մեծ մասն աշխատեց Իլշատ Ֆայզուլինը, հետո եկա ես ու կարծում եմ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում ու ինքս, օրինակ, գոհ չեմ իմ աշխատանքից, բայց կարող եմ ասել, որ ղեկավարության հետ արդեն արել ենք եզրակացություն, պետք է դադարեցնենք համագործակցությունը մոտ 12 ֆուտբոլիստի հետ, կարծում եմ՝ սա շատ բանի մասին է խոսում։ Ժամանակն է փոփոխությունների, եթե խոսքը գնում է օտարերկրացիների մասին, մենք ուզում ենք ունենաալ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստներ» ։
ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
«Շատ քիչ են, բայց տեսնում ենք, որ կան լեգեոներներ, որոնց վրա կարող ենք հույս դնել հետագայում ու գնալ առաջ: Օրինակ՝ Պիտեր Մուտումոսին: Երբ ես ընդունեցի թիմը, նա վնասվածք ուներ այդ ժամանակ և դրանից առաջ էլ հիմնական կազմի խաղացող չէր: Տեսնում ենք, որ այսօր այս հենակետային կիսապաշտպանը Հայաստանում լավագույններից է, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ոչ թե լավագույնն է, այլ լավագույններից մեկը։ Ես կարծում եմ, որ մենք հիանալի հնարավորություն ունեցանք խաղաժամանակ տրամադրել տեղի երիտասարդ սաներին դրսևորելու իրենց: Այս խաղն էլ չհաշված, ամփոփելով կասեմ, որ արդարացրեց Գևորգ Տարախչյանը, ոչ այս խաղում, այլ՝ ընդհանրապես: Եվ ես կարծում եմ, որ նա դեռ հաջորդ մրցաշրջանում կպայքարի հիմնական կազում իր տեղի համար, ինձ դուր եկավ՝ ինչպես են առաջադիմել Հակոբ Հակոբյանը, շատերն են լավ աշխատել, դանդաղ բայց վստահ առաջադիմել է նաև Կարեն Մելքոնյանն, այսօր հիմական կազմում իրենց նորամուտը նշեցին 2 ֆուտբոլիստ՝ Էրիկ Սիմոնյանը, հուսով եմ տեսաք, որ ունենք արժանի կենտրոնական պաշտպան, եթե չեմ սխալվում նա 17 տարեկան է, մյուսը Սամվել Հակոբյանն է, նույնպես 17 տարեկան է, այսօր խաղաց հարձակվողի դիրքում, այսինքն այս առումով կա դրական շարժ: Այն, որ մենք հնարավորություն տվեցինք տեղի սաներին իրենց նորամուտը նշել պաշտոնական խաղերում, նրանցից մի քանիսը իրենց այնպես դրսևորեցին, որ արդեն լինելու են հիմնական կազմում» ։
ԱԿՈՒՄԲԻ ՍԱՆԵՐԻՆ ԽԱՂԱԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երեկ ներկա ենք եղել ԲԿՄԱ — «Ուրարտու-2» հանդիպմանը։ ԲԿՄԱ-ի կազմում հանդես են գալիս աչքի ընկնող մի քանի ֆուտբոլիստներ: Եթե չեմ սխալվում այդ թիմի հիմնական կազմի 6 ֆուտբոլիստ «Ուրարտուի» սաներն էին, որոնք ավելի քիչ, քան 1 տարի անց կվերադառնան մեզ մոտ ու ես կարծում եմ՝ բավական մեծ մրցակցություն կլինի տեղի սաների միջև: Ուստի, ինչ վերաբերում է մեր ակադեմիայի սաների ներգրավվածության ապահովմանը հիմնական կազմում, ամեն ինչ այս մասով կարգին է, իսկ ինչ վերաբերում է այն ամբիցիոզ առաջադրանքներին, որոնք ղեկարությունը դնում է թիմի ու իմ առջև այստեղ, իհարկե, պահանջվում է համալրվել որակապես լավ արտասահմանցիներով: Չնայած այսօր մենք այն ակումբն ենք, որն ունի մեծ ներուժ՝ տեղի սաների հաշվին» ,- ասել է Ալեքսանդր Գրիգորյանը: