«Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան խոսել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին Բրազիլիայի առաջնության վերսկսման մասին.
«Հունիսի 16. վարակվել է 34918 մարդ, մահացել՝ 1282-ը:
Ես խելագարվե՞լ եմ, եթե ցանկանում եմ իմանալ տրամաբանական պատճառ, թե ինչու ենք մենք վերսկսում առաջնությունը»,- գրել է Հոնդան Թվիթերում:
June 16🇧🇷
— KeisukeHonda(本田圭佑) (@kskgroup2017) June 17, 2020
Infection: 34918
Death:1282
Am I crazy that I want to know a logical reason why we restart the league? 🤔
Օրերս Բրազիլիան կորոնավիրուսով վարակման դեպքերից մահացության թվով աշխարհում երկրորդ տեղն է բարձրացել՝ շրջանցելով Մեծ Բրիտանիային: Երկրում ընդհանուր առմամբ մահացության ավելի քան 46 հազար դեպք է գրանցվել: Վարակակիրների քանակով ևս Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղում է՝ 966 հազար, առջևում միայն ԱՄՆ-ն է:
Իրավիճակը բարդացնում է նաև երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուն. նա արհամարհում է առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները, չի կրում դիմակ, կորոնավիրուսը գրիպային հիվանդություն է անվանում, և մեկ ամսում արդեն առողջապահության երկու նախարարից է հրաժարվել:
Ֆուտբոլի առաջնության վերսկսման հարցով բրազիլական ակումբների կարծիքները կիսվել են: Մայրաքաղաքային երկու ակումբ՝ «Բոտաֆոգոն» և «Ֆլումինենսեն» դեմ են առաջնության վերսկսմանը: Այս թիմերը նույնիսկ մարզումները չեն վերսկսել: «Բոտաֆոգոյի» տնօրեն Կառլոս Մոնտենեգրոն ակնարկել է, որ ակումբը պատրաստ է միավորներ կորցնել, բայց դաշտ դուրս չի գա: Նա ֆուտբոլի վերադարձն ինքնասպանություն է անվանում:
Ռիոյի մյուս երկու ուժեղագույն թիմերը՝ «Ֆլամենգոն» և «Վասկա դա Գաման», միացել են այն ակումբների փոքր խմբին, որոնք անհուսորեն եկամուտների կարիք ունեն:
Ամեն ինչ կախված կլինի համավարակի հետ կապված իրավիճակից, բայց դեռևս, փորձագետների գնահատմամբ, Բրազիլիայում դեռևս չի անցել նույնիսկ վարակի պիկը: