Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի այս առաջնության ավարտին մնացել է 5 տուր: Շատերը շարունակում են մնալ այն կարծիքին, որ թեկուզ և «Արարատ-Արմենիան» իր խաղացողների խաղամակարդակին հավասար ֆուբտոլ չի խաղում, այնուամենայնիվ, համարվում է առաջնության բացահայտ ֆավորիտը: Այդ հարցի պատասխանը, վստահաբար, կստանանք առաջիկա տուրի կենտրոնական խաղի ավարտից հետո: Երբ նախորդ տուրի «Ալաշկերտ»-«Շիրակ» խաղի 93-րդ րոպեին Նենադովիչը խփեց Գյումրիի թիմի հաղթական գնդակը, ոմանք սկսեցին հավատալ, որ գործող չեմպիոնին մրցակից կա:
«Շիրակ»-«Ար. Արմենիա». Գյումրու Քաղաքային ստադիոն, 20.06.2020, 17:30
Ինչպես նշեցինք, տուրի կենտրոնական խաղը կկայանա Գյումրիում. «Շիրակը» կընդունի «Արարարտ-Արմենիային»: Թիմերն այս առաջնության ընթացքում հանդիպել են 3 անգամ: Կատարյալ հավասարություն է. թիմերը հաղթել են մեկական անգամ, մեկ խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի, ընդհանուր՝ 2-2: Ընդհանրապես, «Վարդանանց» պատերազմում դժվար է ֆավորիտ առանձնացնել, քանի որ ցանկացած պարագայում առաջին հերթում Գյումրիում խաղալը բարդ է: Սա՝ առաջին հերթին: Մյուս կողմից, «Շիրակը» շատ լավ վիճակում է, թիմը վերջին 5 խաղից 3-ում հաղթել է, երկուսում՝ խաղացել ոչ-ոքի: Մինասյանի թիմը վերջին 5 խաղից 2-ում հաղթել է, 3-ում՝ խաղացել ոչ-ոքի: 2 թիմն էլ վերջին 5 խաղում անպարտելի են: Բիչախչյանի թիմին չեմպիոնական պայքարին խառնվելու համար միայն ու միայն հաղթանակ է անհրաժեշտ: Այս պահին երևանյան ու մարզային թիմի միջև 6 միավորի տարբերություն կա: Եթե հաղթի գործող չեմպիոնը, կարծում եմ, չեմպիոնի վերաբերյալ 2 կարծիք լինել չի կարող: Սակայն վերջին տուրերում ԲԽ-ում գրանցվող արդյունքներից ելնելով, դժվար է գնահատել թիմերի հնարավորությունները: Որակազրկումից հետո տեխնիկական գոտուց իր թիմի կողքին կլինի Վարդան Մինասյանը:
«Նոա»-«Լոռի», «Նաիրի» ստադիոն, 20.06.2020, 17:30
Այս տուրում կհանդիպեն անհաջող հանդիպումների շարք անցկացնող «Նոան» ու «Լոռին»: Վերջին 5 խաղում «Լոռին» հաղթանակ չունի, իսկ «Նոան» տարել է մեկ հաղթանակ: Իրար միջև կայացած 3 խաղում հավասարություն է. մեկական հաղթանակ և մեկ ոչ-ոքի: Մարզչական փոփոխությունից հետո «Լոռին» չի կարողանում հաջող հանդես գալ: Ակնհայտ է, որ Կամպանյայի ֆուտբոլից հետո Սանամյան-Բիչախչյան զույգի դավանած ֆուտբոլը առայժմ չի ընկալվում «Լոռիի» խաղացողների կողմից: Մրցաշարային տեսանկյունից անչափ կարևոր խաղ է երկուսի համար էլ: Երկուսն էլ ունեն 36-ական միավոր ու ոչ-ոքին ձեռնտու կլինի «Ալաշկերտի» ու «Շիրակի» համար: 2 թիմի պահեստայինների նստարանը հարուստ չէ, որն առաջնության այս հատվածում անչափ կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմերը խաղում են 3-4 օրը մեկ: Ռոտացիան այս հատվածում թիմերի հաղթաթուղթն է: Խաղում 2 թիմի հնարավորությունն էլ կարելի է հավասար գնահատել:
«Արարատ»-«Ալաշկերտ», ՀՖՖ Տ/Կ, 21.06.2020, 19:30
Տուրի երրորդ խաղում «Արարատը» կընդունի «Ալաշկերտին»: Վերջինս, որքան էլ, որ անհաջող է հանդես գալիս առաջնության վերսկումից հետո, միանշանակ, ֆավորիտը նա է: Կազմի խորությամբ ու ուժեղությամբ, «Արարատ-Արմենիայից» հետո նախանձելի վիճակում «Ալաշկերտն» է: Այլ հարց է, որ թիմային ֆուտբոլը գործող գավաթակրի մոտ բացակայում է: Այս ամենի հետ մեկտեղ, հաշվի առնելով նաև «Արարատի» խնդիրները, խաղում ֆավորիտ կարելի է համարել Ադամյանի թիմին: Առաջնության առաջին հատվածում թիմերի անցկացրած 2 խաղում գրանցվել է նույն՝ 1-1 հաշիվը, իսկ օրեր առաջ «Ալաշկերտը» հաղթել է: Մեդալային տեղերի համար պայքարում առավել նախընտրելի դիրքում մնալու համար գավաթակրին հաղթանակ է անհրաժեշտ:
Արմեն Գարամյան