«Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանցը հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 23-րդ տուրի՝ «Սոչիի» հետ խաղի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ «Ռոստովի» կազմում կորոնավիրուսով վարակման 6 դեպք է հաստատվել: Դրանից հետո ակումբը ցանկացել է փոխել «Սոչիի» հետ խաղի օրը, բայց մրցակիցը դեմ է եղել:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում ՌՊԼ-ին կառուցողական դիրքորոշման համար: Ակումբը կատարել է բոլոր պահանջներն ու այժմ կարանտինի մեջ է: Մեզ համար մարդկանց կյանքն ու առողջությունն ավելի կարևոր է: Պատկերացրեք՝ եթե մենք ժամանեինք Սոչի, ու, Աստված չանի, որևէ մեկը հիվանդանար: Դա կտրականապես չի կարելի թույլ տալ: Այդ իսկ պատճառով մենք դիմել ենք ՌՊԼ-ին և ՌՖՄ-ին՝ մեկ խաղ պահեստային օրվա վրա տեղափոխելու խնդրանքով: ՌՖՄ-ն կողմ էր մեր առաջարկին այն պայմանով, եթե «Սոչին» դեմ չլինի:
Մենք չենք ցանկանում մեկնաբանել ու գնահատական տալ «Սոչիի» որոշմանը: Թող դա մնա նրանց խղճին: Մեզ համար մեր ֆուտբոլիստների ու մրցակցի խաղացողների առողջությունն ավելի կարևոր է, քան 3 միավորը»,- Հարությունյանցի խոսքերն է փոխանցում «Ռոստովի» մամուլի քարտուղարությունը:
Հաղորդվում էր, որ վարակման առաջին դեպքը գրանցվել է հայազգի հարձակվող Խորեն Բայրամյանի մոտ: