Ֆուտբոլի Գերմանիայի առաջնությունում ավարտվեց 32-րդ տուրը։
«Բորուսիա» Դորտմունդը տնային խաղում անակնկալ պարտություն կրեց։ Լյուսիեն Ֆավրի թիմը 0-2 հաշվով զիջեց «Մայնցին»։ «Բորուսիան» մնում է 2-րդ տեղում վաստակած 66 միավորով, սակայն մրցակիցները, մասնավորապես «Լայպցիգը» մոտեցան նրան։
Յուլիան Նագելսմանի թիմը խաղում էր զուգահեռաբար։ «ՌԲ Լայպցիգը» տանն ընդունել էր «Դյուսելդորֆին»։ Քևին Կամպլի և Տիմո Վերների գոլերի շնորհիվ տանտերերը հաղթում էին մրցակցին, ու թվում էր, թե խնդիրներ ունենալ չեն կարող։ 87-րդ րոպեին հյուրերի հարձակվող Սթեվեն Սկրզիբսկին կրճատեց հաշվի տարբերությունը։ Մրցավարի ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Անդրե Հոֆմանը հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 2-2։ «ՌԲ Լայպցիգը» 63 միավոր է վաստակում։
«Բայերը» 3-1 հաշվով հաղթեց «Քյոլնին»։ Հաղթանակ տարավ նաև «Հոֆենհայմը»։ «Աուգսբուրգի» դեմ արտագնա խաղում նրանք հաղթեցին 2-1 հաշվով։ Սարգիս Ադամյանը բացակայում էր վնասվածքի պատճառով։