Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը ևս արձագանքել է Ռոման Ամոյանին բերման ենթարկելու փաստին՝ գրառում կատարելով Ֆեյսբուքում.
«Այն ոստիկանները, որոնք բռնություն գործադրելով և անհարգալից վերաբերմունքով այսօր բերման ենթարկեցին աշխարհահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին, տարիներ առաջ հեռուստացույցի առջև նստած երկրպագում և հպարտանում էին նրանով: Հայաստանի պատիվը բարձր պահելուց, Բաքվում, կոտրված ձեռքով նա պայքարում էր հայերի համար, իսկ այսօր չկա հարգանք մարզիկի նկատմամբ: Ես նույնպես մարզիկ եմ և այս ամենը տեսնելուց հետո կարծում եմ՝ մարզիկները մեծ հիասթափություն կապրեն։ Ռոման Ամոյանի վերաբերյալ նյութերի տակ «վատ գրառումներ» անողները ազգի դավաճաններ են, որովհետև Ռոման Ամոյանը մեր ազգի ՀԵՐՈՍՆԵՐԻՑ է, և պետք չէ մոռանալ նրա արած գործերը»,-գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները բերման էին ենթարկել ակցիայի մասնակից, հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ, Պեկինի Ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանին։