«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը Het Nieuwsblad-ին տված հարցազրույցում խոսել է ՄՅՈՒ-ում հանդես եկող իր ընկեր ու նախկին թիմակից Պոլ Պոգբայի մասին։
«Կարծում եմ՝ նա ՄՅՈՒ-ում կմնա։ Պոլն ու ես առաջվա պես մտերիմ ընկերներ ենք։ Իրար մանկուց ենք ճանաչում, այն ժամանակվանից, երբ «Յունայթեդի» ակադեմիայում միասին էինք։ Մեր ընտանիքները նույնպես ընկերություն են անում, ու միշտ այդպես կլինի»,- Յանուզայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Պոգբան վնասվածքի պատճառով մրցաշրջանի զգալի մասը բաց է թողել։ Բայց հիմա ֆրանսիացին լիովին ապաքինվել է ու կարող է մասնակցել հուլիսի 19-ին «Տոտենհեմի» հետ խաղին։
Հաղորդվում էր, որ Պոգբան պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիացու համար առաջնահերթ տարբերակ մնում է «Ռեալ» տեղափոխությունը, բայց խաղացողը պատրաստ է ինչպես ՊՍԺ տեղափոխությանը, այնպես էլ «Յուվենտուս» վերադարձին։
Պոգբայի պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ «Կարմիր սատանաները» կարող են օգտվել խաղացողի հետ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետից։
Ընթացիկ մրցաշրջանում խաղացողը իր ակտիվում երկու արդյունավետ փոխանցում է գրանցել ԱՊԼ-ի 7 խաղում։