Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հաքիմին, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», հետաքրքրում է «Մանչեսթեր Սիթիին»։ Անգլիական ակումբն ուզում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 21-ամյա մարոկացուն։ Այս մասին հաղորդում է Cadena Ser-ը։
«Մանչեսթեր Սիթիի»՝ Աշրաֆին ձեռք բերելու հնարավորությունը կախված է Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) որոշումից՝ կապված թիմին երկու տարով Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի մասնակցությունից զրկելու գործի հետ։ Եթե դատարանը թիմի կողմից լինի, նրանք կսկսեն «Ռեալի» հետ բանակցությունները։
Հաքիմիի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև հունիսի 30-ը։ Գերմանացիները ցանկանում են երկարաձգել ֆուտբոլիստի վարձակալությունը, որը «Ռեալի» հետ մինչև 2022 թվականը գործող պայմանագիր ունի։ Աշրաֆի տրանսֆերային արժեքը գնահատվում է 54 մլն եվրո։