Սերբ Նովակ Ջոկովիչի`Բելգրադում կազմակերպած ցուցադրական Adria Tour մրցաշարի երկրորդ տուրում երկու սենսացիա է գրանցվել:
Երեկոյան ծրագրի առաջին խաղում բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը`ավստրիացի Դոմինիկ Թիմի գլխավոր մրցակիցը երկրորդ խմբից եզրափակիչ դուրս գալու համար պայքարում, պարտվել է սերբ Նիկոլա Միլոևիչին 1:4, 3:4 (4:7): Միլոևիչն ի սկզբանե չի եղել մրցաշարի մասնակիցների թվում ու փոխարինել է բոսնիացի Դամիր Ջումհուրին, որը մեկնարկում Թիմի հետ մրցավեճից առաջ պայքարից դուրս էր մնացել:
Անձամբ Թիմը դրանից հետո հաղթել է սերբ Դուշան Լայովիչին 1:4, 4:1, 4:3 (8:6) հաշվով: Ավելի ուշ Նովակ Ջոկովիչը սենսացիոն կերպով պարտվել է իր հայրենակից Ֆիլիպ Կրայնովիչին 4:2, 2:4, 1:4 հաշվով:
Խաղային օրվա վերջին խաղում գերմանացի Ալեքսանդր Զվերևը վստահորեն առավելության է հասել սերբ Վիկտոր Տրոյիցկիի նկատմամբ`4:1, 4:1 հաշվով:
Հիշեցնենք`այս տարվա այն կարճ ժամանակահատվածի ընթացքում, ինչ թենիսիստները հասցրեցին անցկացնել կորտում, Նովակը ոչ մի պարտություն չէր կրել: Նա Սերբիայի հավաքականին օգնել էր հաղթել դեբյուտային ATP Cup-ում` 6 հաղթանակ տանելով 6 խաղում, ինչից հետո հաղթել էր Australian Open-ում և Դուբայում: Ճիշտ է`դեկտեմբերին Աբու- Դաբիի ցուցադրական մրցաշարում նա պարտվել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին:
Adria Tour-ում այս կիրակի կկայանան խմբային փուլի վերջին`3-րդ տուրի հանդիպումները, ինչից հետո խմբում հաղթողները եզրափակչում կխաղան միմյանց հետ: