Երկու ամսվա հետաձգումից հետո այսօր մեկնարկում է Շվեդիայի 3-րդ լիգայի առաջնությունը (Division 1): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որի համար սա լինելու է 20-րդ մրցաշրջանը ֆուտբոլում:
«Սա ինձ համար յուրահատուկ օր է: Սա իմ 20րդ մրցաշրջանն է ֆուտբոլում: Բառիս բուն իմաստով ամենասպասվածը»,- գրել է Պաչաջյանը, որը հանդես գալիս շվեդական «Լինշոպինգ» ակումբում:
«Լինշոպինգն» այսօր՝ հունիսի 14-ին, սեփական հարկի տակ կընդունի «Տրոլհաթան» ակումբին:
Պաչաջյանը 2018 թվականից է հանդես գալիս «Լինշոպինգ Սիթիում»: Այս ընթացքում նա թիմի կազմում Շվեդիայի 3-րդ լիգայի առաջնության 56 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի հեղինակ:
Լևոն Պաչաջյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը դարձել է Աբովյանի «Կոտայքը», որի կազմում հանդես է եկել 2001 թվականից: Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Զվարթնոց-ԱԱԼ», «Փյունիկ», շվեդական ԳԱԻՍ, նորվեգական «Ֆրեդրիկստադ», իրանական «Սանատ Նաֆթ», հայկական «Շիրակ», «Միկա» ակումբներում, ինչից հետո՝ 2013 թվականից տեղափոխվել է Շվեդիա: Պաշտպանել է «Ասիրիսկա», «Արամեյսկա Սյուրիանսկա» և «Ստյոդերտելիե» ակումբում:
Հայաստանի հավաքականում իր նորամուտը Պաչաջյանը նշել է 2004 թվականի փետրվարի 18-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքում՝ մասնակցելով Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որում Հայաստանի ընտրանին պարտվել է 0:2 հաշվով։ Հավաքականի կազմում Պաչաջյանն իր առաջին գոլը խփել է 2008 թվականի մայիսի 28-ին Տիրասպոլում կայացած Մոլդովայի հավաքականի դեմ ընկերական խաղում։