Պրոումոթեր Էդդի Հիրնը ասել է, որ բրիտանացի բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրին և Էնթոնի Ջոշուան համաձայնվել են երկու մենամարտ անցկացնել 2021 թվականին: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
«Երկու բռնցքամարտիկները համաձայն են մենամարտերի ֆինանսական պայմանների հետ: Պայմանագրերը կստորագրվեն այն ժամանակ, երբ մենք կարգավորենք բոլոր մանրամասները», — ասել է Հիրնը:
Նրա խոսքով՝ մենամարտերի ժամանակն ու տեղը դեռ որոշված չէ: Հիրնը առաջիկա մարտերը համարել է նշանակությամբ ամենամեծը բրիտանական բռնցքամարտի պատմության մեջ:
«Համոզված եմ, որ մեր սերնդի համար սա եզակի հնարավորություն կլինի նման մեծ մարտեր տեսնելու: Նման հնարավորություն հետո երկար ժամանակ դեռ չի լինելու», — ասել է պրոումոթերը:
30-ամյա Ջոշուան 2019 թվականի դեկտեմբերին վերադարձրեց WBA, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները մեքսիկացի Էնդի Ռուիսի դեմ մրցավեճում հաղթելուց հետո:
Ջոշուայի հաջորդ մարտը բուլղարացի Կուբրատ Պուլեևի դեմ հետաձգվել է անորոշ ժամանակով՝ COVID-19- ի պատճառով: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր կարիերայի ընթացքում 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական չեմպիոնը 24 մենամարտերից 23-ում հաղթանակ է տարել (նրանցից 21-ը՝ նոկաուտով):