Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ, վազող թիրախ մրցաձևում Եվրոպայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյանն այսուհետ հանդես կգա ատրճանակ մրցաձևում:
ArmSport.am-ի հետ զրույցում Լիլիթ Մկրտչյանը խոսել է նման որոշման, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին.
«Վազող թիրախ մրցաձևը միշտ էլ ինձ համար եղել է ու կմնա լավագույնը հրաձգությունում: Երբ վերադարձանք Եվրոպայի առաջնությունից արդեն որոշել էի, որ պետք է փոխեմ մրցաձևս: Որոշումս գոհացրեց թե՛ անձնական մարզչիս, թե՛ ավագ մարզչին: Ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկի համար գերխնդիր, գերնպատակ, ինչու չէ՝ նաև երազանք է համարվում Օլիմպիական խաղերին մասնակցելը և մեդալ նվաճելը, ինչը ես ցավոք չէի կարող անել վազող թիրախ ձևում, քանի որ այն դուրս է մնացել Օլիմպիական խաղերից 2000-ականներից»:
Լիլիթ Մկրտչյանը վաղուց է սպասել, որ վազող թիրախը մի օր կընդգրկվի Օլիմպիական խաղերում, սակայն շշուկները մնացին միայն խոսակցությունների մակարդակով. «Մինչև այս մտածում էի, որ վազող թիրախը կդառնա օլիմպիական մրցաձև, քանի որ կային շանսեր: Ցավոք այդպես էլ հույսերը չարդարացան: Իսկ ժամանակի առումով բախտը կրկին ինձ ժպտում է: Մեր մարզաձևը տարիքային սահմանափակում չունի, և կարելի է ասել՝ երկարակյաց է: Մարզիկներ կան տարբեր երկրներից, ովքեր մինչև 60 և ավել դեռ մարզվում են և գտնվում են լավ մարզավիճակում: Այնպես որ, ինձ թվում է՝ դեռ ուշ չէ»:
Եվրոպայի փոխչեմպիոնն այս դադարը փորձում է օգտագործել ի օգուտ իրեն. «Այս կարանտինային անորոշությունները մեծ հարված են պրոֆեսիոնալ մարզիկների համար, քանի որ հետաձգվել են շատ ու շատ մրցումներ: Ես միշտ լավատես եմ. իմ դեպքում կարանտինն օգնում է, քանի որ կհասցնեմ մարզվել մինչև գալիք մրցումների մեկնարկը: Երբ արտակարգ դրությունը երկարաձգվեց, բայց մի քանի բան թույլատրելի դարձավ, միայն հավաքականի թեկնածուներով վերսկսեցինք մարզումները: Հիմա, ցավոք, դեռ մեզ մոտ դադար է, բայց հուսանք՝ մոտակա օրերս նորից կսկսենք մարզումները»:
Լիլիթ Մկրտչանի խոսքով նոր մրցաձևում ավելի մեծ մրցակցություն կա, սակայն դա միայն օգուտ կբերի իրեն. «10 տարի վազող թիրախ պարապելուց հետո, բնականաբար, շատ դժվար էր ատրճանակում հանդես գալը, և այո՛, այստեղ մրցակցությունն ավելի թեժ է լինելու, բայց մրցակցության և պայքարի արդյունքում են ծնվում բարձր ցուցանիշները, ինչպես նաև քրտնաջան աշխատանքի»:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Մկրտչյանն ասաց. «Առաջիկա մրցումների վերաբերյալ դեռևս հստակություն չկա: Իմ գերագույն նպատակն է մնալ հրաձգություն մարզաձևում որքան հնարավոր է երկար: Իսկ հետագան արդեն ցույց կտա»:
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ