Մարդկանց և կենդանիերի մասին հետաքրքիր, իսկ երբեմն էլ հուզիչ պատմություններ իրական կյանքում հաճախ ենք հանդպում․ ոմանց մասին նույնիսկ ֆիլմեր են նկարահանվում կամ գրքեր գրվում։ Այդպիսի մի հետաքրքիր պատմություն կապված է իտալական փոքրիկ քաղաքի՝ Ֆիլոտրանոյի հետ։ 9 հազար բնակչություն ունեցող քաղաքը ամբողջ աշխարհին հայտնի է իր հանրահայտ հեծանվորդներով՝ Միկելե Սկարպոնի (մահացել է 2017թ-ին), Վինչենցո և Անտոնիո Նիբալի եղբայրներ․․․
Այս շաբաթ հեծանվավազքի աշխարհում ակնթարթորեն տարածվեց մի նորություն․ Trek-Segafredo-ի իտալացի հեծանվորդ Անտոնիո Նիբալին (բոլոր Grand Tours-երի հաղթող Վինչենցո Նիբալի կրտսեր եղբայրը) մարզվում է հանրահայտ թութակի՝ Լեգենդար Ֆրենկիի հետ:
#ESPNBike De esas historias increíbles de la vida: ¿recuerdan a #Frankie? ¿El pájaro que acompañaba a Michele #Scarponi? Bueno, ¡volvió para hacer lo que más le gusta! 😍
— ESPN Bike (@ESPNBike) June 4, 2020
Ahora acompaña a @AntonioNibali, quien se mudó con su esposa a #Filottrano, el pueblo de donde era Scarpa. pic.twitter.com/m55VNQycJp
Պարզվեց, որ դա նույն թութակ Ֆրենկին է, ով երկար ժամանակ ուղեկցում էր Նիբալիի հայրենակից, Giro d’Italia-ի հաղթող Միկելե Սկարպոնիին:
Սկարպոնին հաճախ տեղադրում էր տեսանյութեր մարզումներից, որոնցում նրան ուղեկցում էր թութակ Ֆրենկին՝ Ֆիլոտրանո քաղաքի կենդանի խորհրդանիշը: Ֆրենկին հնազանդվում էր հեծանվորդի հրամաններին և նստում նրա սաղավարտին կամ մեջքին: Տեսանյութերից մեկում թութակը նստած էր մեքենայի կողմնային հայելուն, իսկ հեծանվորդը նրան դիմում էր Լեգենդար Ֆրենկի մականվամբ:
2017-ի ապրիլին Միկելեն տուն էր վերադարձել, հայրենի Ֆիլոտրանո քաղաք՝ նախապատրաստվելու Giro d’Italia-ին, որտեղ նա պետք է դառնար «Աստանայի» ավագը: Հաջորդ առավոտ Սկարպոնին գնացել էր մարզվելու և հեծանիվ վարելիս իր տանից 2 կմ հեռավորության վրա միկրոավտոբուսի կողմից հարվածի ենթարկվել: Մեքենայի վարորդը, ով հարվածել էր հեծանվորդին, Միկելեի հոր ընկերն էր: Այդ վթարը ճակատագրական դարձավ Սկարպոնիի համար։
Ավելի քան 5 հազար մարդ Ֆիլոտրանոյում եկել էր հրաժեշտ տալու Սկարպոնիին: Դեպքից մեկ օր անց Ֆրենկին ևս հեծանվորդի մահվան վայրում էր: Թութակը նստել էր ճանապարհային նշանի վրա, որի տակ ծաղիկներ էին դրված Սկարպոնիի հիշատակին: Հայտնի չէ, արդյոք Ֆրենկին դա արել է իր սեփական կամքո՞վ, թե բնակիչներից ոմանք նրան բերել էին այստեղ, բայց կարծես թութակը դեռ սպասում էր, որ իր ընկերը հեծանվով կգա և հրաժեշտ կտա իրեն:
Այժմ Ֆրենկին ընկերակցում է Անտոնիոյին մարզումների ժամանակ և միգուցե լեգենդար թութակը առաջիկայում դառնա իտալացի հեծանվորդի հաջողության թալիսմանը․․․