Սիրում եմ ժամերով քայլել փողոցում: Այնտեղ ինձ չեն խանգարում հարազատների անվերջանալի խոսակցություններն ու հարևանների գոչյունները:
Դրսում հանդիպում եմ տարբեր մարդկանց, ովքեր մեկ ակնթարթում փոխում են մեկը մյուսին: Հայացքների այդ փոխանակման մեջ մի խորհրդավոր բան կա:
2 վայրկյան. գիտե՞իք, որ հիմնականում 2 վայրկյան ենք տրամադրում անծանոթին նայելուն: Հոգեբանների պնդմամբ, եթե մեր հայացքները հանդիպում են 3 վայրկյանից ավելի, ուրեմն մենք ճանաչում ենք իրար կամ դա մեզ թվում է և մենք փորձում ենք վերհիշել տվյալ մարդուն կամ էլ….
Կամ էլ տեղի է ունենում այն, ինչը պատահեց ինձնից հազարավոր կիլոմետրեր հեռու ՝ դորտմունդյան մի անսովոր երեկո:
Դորտմունդի «Բորուսիան» այդ օրը պետք է հանդիպեր իր ոխերիմ մրցակցին ՝ «Շալկեին»: Ոստիկանությունը երկրպագուների միջև բախումը կասեցնելու համար մետրոյի առանձին անցակետեր էր ստեղծել:
Կլաուս Քիզը, ով «Բորուսիայի» մոլի երկրպագու էր, շտապում էր մեկ վայրկան շուտ հասնել ստադիոն:
Հանդիպման մեկնարկին մնացել էր 40 րոպե, իսկ նա դեռ այնքան անելիքներ ուներ. սիրելի թիմի շարֆը պետք էր կապել հատուկ հանգույցով, որից հետո գնել թիմի տարբերանշանով վաճառվող գարեջուրը և անմիջապես մի կում անել, քանի դեռ փրփուրը չի թափվել բաժակից: Երջանկությունը ահա այսպիսի մանրուքների մեջ է, որոնցից շատերը մենք չենք էլ նկատում:
Կլաուս Քիզը շուտով մուտք կգործի իր կյանքի ամենակարևոր վագոններից մեկը: Բայց քանի դեռ նա այնտեղ չէ, վերադառնանք Երևան:
Վերջիվերջո, մենք էլ մետրո ունենք, որը չի զիջում իր դորտմունդյան օրինակին: Միակ տարբերությունն այն է, որ դրա կայարաններից մեկը չի տանում դեպի «Սիգնալ Իդունա Պարկի» նման մարզադաշտ, բայց վստահ եմ ՝ դա ժամանակի հարց է:
Նկատել ե՞ք ՝ մետրոյում դեմ-դիմաց նստած մարդիկ իրար չեն նայում:
Նրանք կամ զբաղված են իրենց սմարթֆոններին անհամար հպումներ պարգևելով, կամ էլ նայում են այս ու այն կողմ: Յուրաքանչյուր ուղիղ հայացք չի գերազանցում մեզ արդեն ծանոթ 2 վայրկյանը:
Սա հոգեբանական երևույթ է, որը կարելի է նկատել ամենուր: Համավարակի ավարտից հետո կարող եք այցելել մետրո և անցկացնել սեփական փորձարկումը:
Եվ այսպես. «Բորուսիայի» հավատարիմ երկրպագու Կլաուսը նետվում է մետրոյի վագոնի մեջ: Ամենուր երկրպագուներ են, ովքեր երգում և բղավում են: Այդ քաոսի մեջ, 34-ամյա տղամարդը գտնում է մի ազատ նստատեղ և Ջեյդոն Սանչոյին չզիջող արագությամբ զբաղեցնում է այդ տեղը:
Ինչպես և մեզնից յուրաքանչյուրը, Կլաուսը որոշում է օգտագործել «սահմանադրությամբ» իրեն ընձեռնված հնարավորությունը և 2 վայրկյանով հայացք նետել իր առջևում նստած կնոջ վրա:
Եթե լինենք ավելի ճշտապահ (գերմանացիները դա սիրում են), ապա միգուցե 3 կամ 4… լավ, առավելագույնը ՝ 11 վայրկյան:
Պարզից էլ պարզ է, որ այդ օրը Կլաուս Ֆոն Քիզը պետք է խախտեր մարդկային հոգեբանության բոլոր կանոնները: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ տեսնում ես այն մեկին, ում կցանկանայիր նայել ամբողջ կյանքիդ ընթացքում:
Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ Ագնեսը (ծանոթացեք, Ագնես Բորն) գտնվում էր նույնպիսի ցնծության մեջ: Գեղեցկադեմ կինը զբաղված էր իր սմարթֆոնով: Դա էլ հերիք չէր, նա հագել էր ոխերիմ թշնամիների ՝ «Շալկեի» մարզաշապիկը:
Կլաուսը հայտնվել էր աննախանձելի իրավիճակում: Հաջորդ կայարանում նրանք պետք է լքեին վագոնը և տարալուծվեին երկրպագուների ամբոխի մեջ:
Տղամարդը սպասում էր Ագնեսի հայացքին: Նա աչքերը դիտմամբ թեքում էր այլ ուղղությամբ, հետո միանգամից վերադառնում իր հետաքրքրության նշանակետին ՝ փորձելով «միամտաբար» որսալ նրա հայացքը:
Հնչեց ազդանշանը, դռները բացվեցին և Ագնեսը այդպես էլ չօգտվելով իր 2 վայրկյանից վեր կացավ և մոտեցավ դռանը: Ու հենց այստեղ Կլաուսը նկատեց, որ Ագնեսի մարզաշապիկի հետևում ՝ համարի փոխարեն, գրված է Fick Dich Shalke:
Այս բառակապակցության թարգմանությանը չեմ կարող ձեզ ծանոթացնել, բայց կարող եք վստահ լինել ՝ Ագնեսն ատում էր «Շալկե» ակումբը:
Մեր հերսը չէր կարող զսպել իր երջանկությունը, բայց կար նոր խնդիր:
Ագնեսը դուրս է գալիս վագոնից և հեռանում: Աստված գիտի, թե որ տրիբունայից է նա հետևելու խաղի ընթացքին:
Պետք է կանգնեցնել նրան և ներկայանալ: Բայց ի՞ նչ ասել.
«Բարև ձեզ, դուք այնքան գեղեցիկ եք, որ ես մոռացա 2 վայրկյանի կանոնի մասին: Ի դեպ, ես նկատեցի ՝ դուք չօգտագործեցիք իմ կողմը նայելու համար ձեզ ընձեռնված 2 վայրկյանը: Չե՞ ք ցանկանում հիմա օգտվել այդ բացառիկ հնարավորությունից»:
«Բարև, դու ինձ նման ատում ես «Շալկեին». սա չի կարող պատահական լինել: Մենք այնքան նման ենք իրար, ընթրե՞նք միասին»:
Իհարկե, կյանքում ամեն ինչ էլ պատահում է, բայց դժվար թե այդպիսի տողերը տպավորեին գեղեցկուհուն:
Եվ այստեղ, պարոն Քիզը դիմեց ծայրահեղ միջոցի:
Նախ, նա որոշեց բաց թողնել «Բորուսիա»-«Շալկե» հանդիպումը, ինչն արդեն «ինքնասպանության» նման մի բան էր: Սակայն, ստադիոն չպետք է մուտք գործեր նաև Ագնեսը:
Ինչպե՞ ս. պետք էր գողանալ նրա տոմսը: Նորից կհարցնեք. եվ ինչպե՞ ս….
«Որսորդի բնազդը» միացրած տղամարդու համար ոչ մի անհնարին բան չկա:
Ստադիոնի մուտքի մոտ այնպիսի հերթեր են գոյանում, որ այդ տարածքում հաճախ են գողություններ կատարվում: ՈՒԵՖԱ-ն նույնիսկ հատուկ հրահանգ է իջեցրել ՝ երկրպագուներին հորդորելով տոմսերը պահել ձեռքերում, այլ ոչ ՝ պայուսակներում կամ գրպաններում:
Կլաուսի բախտը բերել էր և Ագնեսը տեղյակ չէր ՈՒԵՖԱ-ի այդ հրահանգի մասին: Կիսաբաց պայուսակից երևացող դրամապանակը և հավանաբար այնտեղ գտնվող տոմսը սպասում էին նրան:
Միայն պատկերացրեք. 34-ամյա օրինապահ տղամարդը, հետևում է գեղեցիկ կնոջը, հաղթահարում ամբոխի արգելքը, հասնում նրան և չի գտնում ծանոթանալու այլ միջոց, քան կնոջ տոմսը գողանալը: Այո, ճիշտ են ասում. տղամարդիկ հեշտ ճանապարհներ չեն փնտրում:
Չեմ էլ ուզում պատկերացնել, թե հիմա որտեղ կլիներ Կլաուսը, եթե «դարի գողությունը» խափանվեր, բայց նա երջանիկ աստղի տակ էր ծնվել:
Deutsche Welle Podcast-ի ընթացքում նա այդ դրվագի մասին այնքան էլ չպատմեց, բայց ենթադրել կարելի է, որ Կլաուսն այդ պահին լարված րոպեներ է անցկացրել:
Գործը արված էր: Մնում էր միայն տեսադաշտից չկորցնել Ագնեսին, ով չէր կարողանալու մուտք գործել ստադիոն և «պատահաբար» ընդառաջ դուրս գալ նրան:
«Ի՞նչ է պատահել տիկին, ինչու՞ եք հուզվել»:
«Գրողի տարած տոմսերը. պայուսակիցս անհետացել են»:
«Վերցրեք իմ տոմսը, ես սիրով կզիջեմ այն ձեզ»:
«Այդ ինչպե՞ս, ոչ կարիք չկա խնդրում եմ»:
«Վերցրեք, վերցրեք. դուք չափից դուրս գեղեցիկ եք տխրելու համար»:
«Խոսքեր չեմ գտնում. ինչպե՞ս կարող եմ շնորհակալությունս հայտնել ձեզ»:
«Ինձ ոչինչ պետք չէ, միայն ձեզ կրկին տեսնելու ևս մեկ հնարավորություն եմ խնդրում»:
Այս նկարից կարող ենք կռահել, որ Ագնեսը տվեց այդ հնարավորությունը:
Չափից դուրս գեղեցիկ պատմություն, եթե չլիներ մեկ բայց...
Այն հորինված է, ինչպես և շատ գեղեցիկ պատմություններ: Իհարկե, ոչ ամբողջությամբ:
Առաջին. Կլաուսը և Ագնեսը իրոք «Բորուսիայի» երկրպագուներ են և նույնիսկ ամուսնացել են ստադիոնի մոտակայքում:
Երկրորդ. Այո, ես սիրում եմ քայլել Երևանի փողոցներով, նստել մետրո և ուսումնասիրել մարդկանց պահելաձևն ու ոչ վերբալ ազդակները: Ինչ արած, դա էլ իմ հոբբին է:
Խաբկանքը լիովին այլ վայրում է: Այն այս երկուսի հանդիպման պատմության մեջ է:
Իրականում զույգը ծանոթացել է իրենց ընկերների միջամտությամբ կամ խորհրդով: Այդ դեպքում ո՞րն էր այսպիսի պատմություն հորինելու իմաստը:
Բանն այն է, որ «Բորուսիան» նախորդ տարի մի մրցույթ էր հայտարարել, որին կարող էին մասնակցել թիմի երկրպագու սիրահար զույգերը:
Նրանք պետք է հորինեին իրենց առաջին հանդիպման մի պատմություն, որը կապված կլիներ դորտմունդյան ակումբի հետ և կտարբերվեր իր յուրահատկությամբ:
Եվ ահա, 122 երջանիկ զույգերից հաղթող ճանաչվեց ՝ Կլաուս-Ագնես զույգը:
Ամուսինները արժանացան երկրպագուի համար ֆանտաստիկ մի մրցանակի: 5 տարիների ընթացքում նրանք անվճար կարող են ներկա գտնվել «Բորուսիայի» տնային բոլոր հանդիպումներին:
Դե ինչ, սա այն դեպքն է, երբ սուտը ոչ մեկին ցավ չի պատճառում: Մեր բարդ ժամանակներում դա այնքան էլ վատ արդյունք չէ:
Եվ վերջում. երբ հաջորդ անգամ կհայտնվեք մետրոյի վագոնում, մի պահ անջատեք սմարթֆոնը և նայեք ձեր առջևում նստած մարդուն: Դա կանեք 2 վայրկյան, թե 3 ՝ ձեր որոշումն է:
Միգուցե, հորինված պատմությունն իրականություն կդառնա:
Նարեկ Գրիգորյան