«ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները, որը մոտ ժամանակներս պետք է տեղափոխվի «Չելսի», կարող էր հայտնվել անգլիական մեկ այլ թիմում:
Լրագրող Քրիստիան Ֆալկը «Թվիթերի» իր էջում հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարել նաև «Մանչեսթեր Սիթին»: Բայց Տիմոն իր ընտրությունը կատարել է լոնդոնցիների օգտին:
Նման որոշման պատճառ է դարձել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպադը, որը ֆուտբոլիստին ասել է՝ նա թիմի կարևոր մասնիկը կլինի:
Ավելի վաղ, երկար ժամանակ Վերների ծառայություններով հետաքրքրված էր «Լիվերպուլը», սակայն «կարմիրները» հրաժարվեցին հարձակվողի համար 53 մլն ֆունտ (մոտ 60 մլն եվրո) հրաժարագին վճարել:
Տիմոն 2016 թվականից է հանդես գալիս «ՌԲ Լեյպցիգում», իսկ մինչ այդ պաշտպանել է «Շտուտգարտի» գույները: Ընթացիկ մրցաշրջանում նա Բունդեսլիգայի 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 25 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: