«Բավարիայի» 31-ամյա կիսապաշտպան Խավի Մարտինեսը խոստովանել է, որ դիտարկում է կարիերան շարունակելու մի քանի տարբերակ։
«Պետք է «Բավարիայի» հետ բանակցությունների սեղանի շուրջ նստեմ։ Պայմանագիրս ավարտվում է 2021-ին։ Ամեն ինչի պատրաստ եմ։ Այն, ինչ արել եմ այստեղ, հիանալի էր։ Հիմա ապագայիս հարցով անորոշություն կա, պետք է սպասենք, քանի որ պատկերացում չունենք՝ ինչպիսին է լինելու շուկան ու արդյոք ավարտին հասցնելու ենք Չեմպիոնների լիգան։
Եթե հեռանամ, ուրեմն բաց կլինեմ ամեն ինչի համար։ Ոչինչ չեմ բացառում, եթե այն ինձ բավարարի ինչպես սպորտային, այնպես էլ անձնական առումով։ Գուցե գնամ ու կարիերաս ԱՄՆ-ում շարունակեմ, Ավստրալիայում կամ վերադառնամ Իսպանիա։ 6 անհավանական տարի եմ անցկացրել Բիլբաոյում։ «Աթլետիկ» վերադառնալու տարբերակը վստահաբար կա»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում Մարտինեսը մասնակցել է 19 խաղի՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։ Իսպանացին «Բավարիայում» հանդես է գալիս 2012 թվականից։