1991 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ժան-Պիեր Պապենը դարձավ ֆրանսիական «Շարտրա» ակումբի գլխավոր մարզիչը: Այս մասին հաղորդվում է չորրորդ դիվիզիոնի ակումբի պաշտոնական կայքում: 56-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մեկ տարի ժամկետով՝ ևս երկու մրցաշրջանով երկարաձգման հնարավորությամբ:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պապենը Ֆրանսիայում խաղացել է «Վիշի», «Վալենսիեն», «Մարսել», «Բորդո» և «Գենգամ» ակումբներում, Բելգիայում՝ «Բրյուգեի», Իտալիայում՝ «Միլանի» , Գերմանիայում `Մյունխենի «Բավարիայի» կազմում։
«Բրյուգեի» հետ հարձակվողը նվաճել է Բելգիայի գավաթը, իսկ «Մարսելի» հետ դարձել է Ֆրանսիայի քառակի չեմպիոն և երկրի գավաթակիր: «Միլանի» կազմում ֆուտբոլիստը հաղթել է Չեմպիոնների լիգան, դարձել Իտալիայի կրկնակի չեմպիոն և երկրի Սուպերգավաթակիր: Բացի այդ, նա Մյունխենի «Բավարիայի» հետ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը:
1986-ից 1995 թվականներին հարձակվողը խաղում էր Ֆրանսիայի հավաքականի կազմում: Ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 54 հանդիպում՝ դառնալով 30 գոլի հեղինակ: 1986-ին Մեքսիկայում աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է առաջնության բրոնզե մեդալը:
Պապենը խաղային կարիերան ավարտել է 2009-ին: Նրա մարզչական կարիերան սկսվեց 2004 թ.-ին՝ «Բասսեն Դ’Արկաշոնում»: Ավելի ուշ մասնագետը գլխավորել է է «Ստրասբուրգը», «Լանսը» և «Շատերոուն»:
Պապենի վերջին աշխատավայրը «Բասսեն Դ’Արկաշոնում» էր: Նա լքեց ֆրանսիական հինգերորդ դիվիզիոնի ակումբը 2015 թվականին: