Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունն առայժմ ընթանում է առանց խոչընդոտների: Թիմերը կարողանում են ապահովել պարետատան պահանջները, իսկ ամենահետաքրքիրը, թերևս, խաղադաշտում է:
Հետհայացք՝ նախորդ տուրին
Երբ Գյումրիի «Շիրակը» տանը չի կարողանում ոչինչ առաջարկել «Լոռիին», իսկ այդ ընթացքում «Արարատ-Արմենիան» մեկ ոտքով հաղթում է «Փյունիկին», թվում է, որ գործող չեմպիոնի ու Գյումրիի ներկայացուցչի դիմակայությունում ավելորդ է քննարկել ֆավորիտի հարցը: Ճիշտ նշեցի, թվում է… Էլ ինչ «Շիրակ», եթե ճակատամարտ չտար «Արարատ-Արմենիայի» դեմ: Խաղի հենց սկզբում «Շիրակը» բացեց հաշիվը՝ օգտագործելով ստանդարտը: Մինասյանի թիմը առաջին կեսի վերջում հավասարեցրեց հաշիվը: Ամենավերջում «Շիրակը» հաղթանակին մոտ էր, սակայն Աբակումովը հերոսական սեյվ կատարեց:
Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Երևանի «Արարատի» նկատմամբ: «Արարատը» կրկին զրկված էր մի քանի խաղացողի օգտագործելու հնարավորությունից, չկար նաև գլխավոր մարզիչը, թիմի խաղը կարգավորող Վալերի Հովհաննիսյանը ևս բացակայում էր: Առաջին կեսում Ադամյանի թիմից աչքի ընկան Գլիշիչն ու Միտրևսկին: Երկրորդ կեսի սկզբում վերջին հույսի խախտման համար կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց «Ալաշկերտի» կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը, իսկ 11 մետրանոցը հստակ իրացրեց Դենիս Դեդեչկոն: Խաղի մնացած ժամանակահատվածում «Արարատը» չկարողացավ օգտագործել քանակական առավելությունն ու պարտվեց 1-2 հաշվով:
Վանաձորում «Լոռին» 2 անգամ հաշվի մեջ առաջ լինելով, չկարողացավ պահպանել հաղթական հաշիվն ու գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2-2: Վանաձորյան թիմից աչքի ընկան Մազիերոն ու Կոելյոն, իսկ «Նոայից» աչքի ընկան Սպատարուն ու Ազարովը: Ամեն դեպքում, պետք է փաստել, որ «Նոան» ավելի լավ տեսք ուներ ու ինչ-որ տեղ զգացվում էր «Լոռիի» գլխավոր մարզչի բացակայությունը, քանի որ հրատապ որոշումներ կայացնող չկար:
Տուրի վերջին խաղում 7-րդ տեղի համար պայքարում «Ուրարտուն» 1-0 հաշվով հաղթանակի հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ. գոլն իր հաշվին ստանդարտից գրանցեց Հակոբ Հակոբյանը:
Այս պահի դրությամբ առաջատարը 37 միավորով «Արարատ-Արմենիան» է: 3 միավոր պակաս ունի «Ալաշկերտը», 33 միավորով երրորդ տեղում «Լոռին» է: «Արարատն» ու «Նոան» ունեն 31-ական միավոր, իսկ «Շիրակը» 29 միավորով եզրափակում է վեցնյակը:
10 ռաունդանոց մենամարտի 2-րդ ռաունդը
Վաղը կմեկնարկի եզրափակիչ հատվածի երկրորդ տուրը:
Արդեն անկհայտ է, որ խնդիրներ կան «Արարատում»․ գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովին այդպես էլ չի հաջողվել վերադառնալ Հայաստան։ Թիմին չեն կարողացել միանալ նաև Արկադի Կալաջյանը, Դավիթ Արշակյանը, Եվգենի Մակեևը։ Գլխավոր մենեջեր Վալերի Հովհաննիսյանը, սակայն, այս տուրում արդեն խաղադաշտում թիմի կողքին կլինի․ Հայաստան վերադառնալուց հետո 14-օրյա մեկուսացման ժամկետը լրացել է։ Թիմն այս տուրում հյուրընկալվելու է «Շիրակին»: Բիչախչյանի թիմը հաղթանակի ծարավ է և անցած տուրում էլ մոտ էր հաղթանակին, սակայն Աբակումովը դրվագի վերաբերյալ այլ մոտեցում ուներ: «Շիրակ»-«Արարատ» խաղում նախապատվությունը կարելի է տալ Գյումրիի թիմին: Խաղին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, բայց նրա խաղաշտ վերադարձն անչափ մոտ է: Մեծ է հավանականությունը, որ տևական ժամանակ անց գյումրեցիները կրկին կտոնեն իրենց սիրելի թիմի հաղթանակը պաշտոնական խաղերում: Ընթացիկ մրցաշրջանում թիմերը հանդիպել են 2 անգամ: 2 դեպքում էլ թիմերը տարել են մեկական հաղթանակ և գրանցվել է նույն՝ 2:1 հաշիվը: Ինչն է հետաքրքիր, որ 2 խաղում էլ հաղթական գոլը խփվել է 88-րդ րոպեին. մի դեպքում աչքի է ընկել Դեդեչկոն, երկրորդ խաղում՝ Արամ Մուրադյանը:
Կրկին հանդիպելու են «Ալաշկերտն» ու «Նոան»: Մոտ 10 օր առաջ կայացած խաղում «Նոան» հաղթեց նվազագույն հաշվով, սակայն Ադամյանի թիմը մի շարք պահեր չօգտագործեց, և այս խաղում թիմերի հնարավորությունները կարելի է հավասար գնահատել: Այս խաղում ոչ-ոքին ձեռնտու կլինի մյուս թիմերին: Առաջնությունում հանդիպել են 2 անգամ. թիմերը տարել են մեկական հաղթանակ: «Ալաշկերտը» գրեթե 2 հավասարազոր կազմ ունի և նախորդ խաղում մեկնարկային կազմի մի շարք խաղացողների հանգստանալու հնարավորություն էր տրված: «Նոան» այս առումով նախանձելի վիճակում չէ. թիմը վերջին 11 օրում կանցկացնի 3-րդ հանդիպումը՝ խաղալով գրեթե նույն կազմով:
Բոլորի ուշադրության կենտրոնում կլինի նաև «Արարատ-Արմենիայի» ու «Լոռիի» հանդիպումը: «Լոռին» մոտավորապես նույն իրավիճակում է, ինչ «Նոան»: Թիմը հավասարազոր 2 կազմ չունի՝ ի տարբերություն «Արարատ-Արմենիայի»: Մինասյանն այս առումով ռոտացիայի լայն հնարավորություն ունի: Մյուս կողմից, «Լոռիում» մարզչական փոփոխություն է եղել, և սա կարող է լուրջ շարժառիթ լինել հաղթանակի ձգտելու համար, ինչը բացակայում էր «Նոայի» դեմ խաղում: Խաղում առավելություն կարելի է տալ «Արարատ-Արմենիային»: Ընթացիկ առաջնությունում թիմերը հանդիպել են 2 անգամ: Որքան էլ, որ տարօրինակ է, «Արարատ-Արմենիան» հաղթանակ չի տարել. մեկ խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, իսկ մյուսում «Լոռին» 2-0 հաշվով տուն է ճանապարհել Վարդան Մինասյանի թիմին: Այդ խաղում գոլ խփած 2 ֆուտբոլիստն էլ այս պահին բացակայում են թիմից:
Արմեն Գարամյան