ՀՀ Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի «Արագածի» դեմ խաղից հետո (1:4) «Տորպեդոյի» ղեկավարությանը հրաժարականի դիմում է ներկայացրել թիմի գլխավոր մարզիչ Ալբերտ Աճեմյանը: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Տորպեդոյի» կազմում տարբեր պատճառներով բացակայում էին մի շարք առանցքային ֆուտբոլիստներ, լեգեոներների մեծամասնությունը միայն վերջերս է վերադարձել Հայաստան և առայժմ գտնվում է կարանտինում: Այսպիսով, «Արագածի» դեմ խաղին առավելապես մասնակցել են պատանի և անփորձ ֆուտբոլիստներ:
Հաշվի առնելով սույն փաստերը, «Տորպեդոյի» ղեկավարությունը պարտությունը ամենևին չի կապում գլխավոր մարզիչի գործոնի հետ և չի ընդունել հրաժարականը: Փոխարենը ղեկավարությունը լիարժեք վստահություն է հայտնել Ալբերտ Աճեմյանին և իր մարզչական շտաբին:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին «Արագածը» գլխավորած Արա Նիգոյանը հեռացել է թիմից։ «Արագածի» և Արա Նիգոյանի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է:Նիգոյանը մարզչական կարիերան կշարունակի Վանաձորի «Լոռիում»: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: