Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է ավստրալացի նախկին թենիսիստ Տոնի Ռոուչի հետ համագործակցության մասին։
«2005-ից 2007 թվականներին ես շատ էի աշխատում իմ ֆիզիկական մարզավիճակի վրա ու դրանից հետո էլ պահպանում էի այդ մոտեցումը։ Ռոուչը մի անգամ հարցրեց ինձ․ «Դու կարո՞ղ ես բոլոր 7 խաղերը ավարտել 5 սեթում»։ Այդ ժամանակ ես արդեն աշխարհի առաջին ռակետն էի։ Ես մտածեցի ու պատասխանեցի, որ կարծում եմ, թե կարող եմ, բայց 100 տոկոսով վստահ չեմ, որովհետև նման բան երբեք չի եղել։
Նա ինձ պատասխանեց․ «Ուրեմն մենք պետք է վստահ լինենք նաև դրանում»։ Ու նա ստիպում էր ինձ մարզվել այնպես, որպեսզի ես պատրաստ լինեմ 7 անգամ 5-սեթանոց խաղ անցկացնել Մեծ սաղավարտի մրցաշար հաղթելու համար։
Այդ օրերից ես սկսեցի մարզվել շատ ջանասիրաբար։ Ես դրա մեջ իմաստ տեսա ու մինչև հիմա անում եմ այդպես»,-Ֆեդերերի խոսքն է մեջբերում Globo-ն։