Renault կոնցեռնի գլխավոր տնօրեն Կլոտիլդա Դելբոսը հաստատեց, որ ընկերությունը կպահպանի իր թիմը Ֆորմուլա 1-ում: Անցած աշնանը հաղորդվել էր, որ թիմը կարող է հեռանալ արքայական մրցավազքից 2019/20 մրցաշրջանի ավարտին:
«Մենք հրապարակայնորեն հաստատում ենք, որ հավատարիմ ենք Ֆորմուլա 1-ին: Ծախսերը սահմանափակելու նոր կանոնների մասին հայտարարությունը մեզ համար շատ լավ է, քանի որ մենք ստիպված կլինենք ավելի քիչ ներդրումներ կատարել», — մեջբերում է Դելբոսին L`Equipe-ն:
Նախկինում Ֆորմուլա 1-ի թիմերը հավանություն էին տվել կանոնակարգում փոփոխություններին և բյուջեների առաստաղի խստացմանը: 2021 թվականի մրցաշրջանում այն կկազմի 145 միլիոն դոլար (172 միլիոն դոլարի փոխարեն) և հետագայում կնվազի:
Հիշեցնենք, որ Renault-ը Ֆորմուլա-1 վերադարձավ 2016-ին՝ վեց տարվա բացակայությունից հետո: