Հայաստանի առաջնություն վերադառնալիս Դավիթ Մանոյանը մեկ տարվա պայմանագիր կնքեց «Նոայի» հետ, բայց այնտեղ մնաց ամիսներ։ Ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո Մանոյանին արդեն տեսանք «Շիրակի» մարզաշապիկով։
Ինչու՞ 29-ամյա ֆուտբոլիստը ավարտին չհասցրեց «Նոայի» հետ պայմանագիրը, ինչպե՞ս հայտնվեց «Շիրակում», ի՞նչ նոր լեզու է ուսումնասիրել կարանտինի ժամանակ ու ապագա ի՞նչ պլաններ ունի․․․այս և այլ հարցերի շուրջ ArmSport-ը զրուցել է Դավիթ Մանոյանի հետ։
-Առաջնությունը վերսկսեցիք պարտությամբ։ Ո՞րն էր ձեր սխալը։
-Շատ սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում ու նաև մեր ունեցած ռեալ 2-3 գոլային պահերը չօգտագործեցինք։
-Այդ սխալներն ինչի՞ հետևանք էին։
-Առաջին խաղն էր դադարից հետո, երևի, դեռ ռիթմի մեջ չենք ընկել։
-Մարզիչն ի՞նչ ասաց խաղից հետո։
-Դե, նա էլ բոլորիս նման հիասթափված էր խաղից ու արդյունքից։ Արդեն վերլուծել ենք սխալներն ու շարժվում ենք առաջ։
-Ինչպե՞ս էիր քեզ զգում դաշտում այս դադարից հետո։
-Լավ։ Կարանտինի ընթացքում չէի դադարել մարզվել։ Անհատական մարզումներ էի անցկացնում մինչև թիմերին պաշտոնապես թույլատրեցին վերսկսել մարզումները։ Բայց, իհարկե, խաղային պրակտիկան շատ կարևոր է ու խաղից խաղ մարզավիճակս ավելի կլավանա։
-Կարոտե՞լ էիր ֆուտբոլը։
-Իհարկե, բոլորս շատ էինք կարոտել ու հույս ունենք՝ կկարողանանք ավարտին հասցնել մրցաշրջանը։
-Դադարի ժամանակ ինչո՞վ էիր լրացնում ֆուտբոլի բացը։
-Բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ դիտեցի, նոր լեզու սովորելուն շատ ժամանակ հատկացրի։ Բայց հիմնականում ուշադրությունս սևեռված էր ֆիզիկապես ու հոգեպես ֆուտբոլի վերադարձին պատրաստ լինելու վրա, քանի որ այդ դեպքում վնասվածքներ ստանալու հավանականությունը շատ էր մեծանում։ Տան պայմաններում մարզումները կամ առավոտ շուտ բաց տարածքում մարզվելը շատ կարևոր էր մարզավիճակը պահպանելու և հետագա վնասվածքներից խուսափելու համար։
-Ի՞նչ նոր լեզու ես սովորում։
-Իսպաներեն։
-Ինչ-որ հատուկ նպատակո՞վ ես սովորում։
-Ո՛չ, այս պահին հատուկ նպատակ չկա։ Անգլերենին ու ռուսերենին սահուն տիրապետում եմ, ու ինձ այդ երկու լեզուները շատ են պետք եկել, երբ արտերկրում էի խաղում կամ երբ մեկնում էի բուժումների։ Իսպաներենը հիմնական խոսակցական լեզուներից է, որ հաստատ մի օր պետք կգա։
-Արտերկրում նորից խաղալու ցանկություն կամ մտադրություն ունե՞ս։
-Ցանկությունը շատ մեծ է, բայց այս պահին կենտրոնացած եմ առաջնության վերջին 10 հանդիպումները բարձր մակարդակով անցկացնելու վրա։
-Ձեր թիմի շանսերն ինչպե՞ս ես գնահատում առաջնությունում։
-Մենք շատ լավ թիմ ունենք ու միայն չեմպիոնության համար ենք պայքարում։
-Առաջնության նոր ձևաչափը քեզ դո՞ւր է գալիս։
-Ո՛չ, այս ձևաչափով խաղալու համար առաջնությունում առնվազն 12-14 թիմ է հարկավոր ունենալ։
-Ինչո՞ւ հեռացար «Նոայից»։
-Հարցին հարցով պատասխանեմ։ Քանի՞ հայ ֆուտբոլիստ է խաղում «Նոայի» կազմում։
-Նախորդ խաղի մեկնարկային կազմում ոչ մի։
-Բազմաթիվ անգամներ ինձ ժամանակից շուտ փոխարինում էին, իսկ «Շիրակի» հետ խաղից հետո ես 9 խաղ մեկնարկային կազմում չեմ եղել ու «Փյունիկի» հետ խաղին փոխարինման եմ մտել՝ խաղալով ընդամենը 15 րոպե, իսկ «Վանի» հետ գավաթային արտագնա խաղին՝ 20 րոպե։ Ահա և այնտեղից հեռանալու պատճառը։ Իսկ հարցս տվեցի, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, թե ինչու չէի խաղում։
-Իսկ ինչպե՞ս ստացվեց «Շիրակ» տեղափոխությունդ։
— Զանգ ստացա «Շիրակի» սպորտային տնօրենից։ Նա ինձ թիմում տեսնելու ցանկություն հայտնեց։ Ես այդ պահին արձակուրդում էի, Միացյալ Նահանգներում էի ընտանիքիս մոտ ու մտածելու ժամանակ խնդրեցի։ Երբ արձակուրդից վերադարձա Երևան, հանդիպեցի Վարդան Բիչախչյանին։ Մեր զրույցից հետո ակումբի հետ պայմանագրի կետերը քննարկեցի ու հաջորդ օրը միացա թիմի մարզումներին։
-Պայմանագիրդ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ։ Այն երկարաձգելու մասին խոսակցություններ կա՞ն։
— Դեռ ոչ։
-Իսկ քո կողմից ցանկությո՞ւն։
-Թիմում բոլորը ինձ շատ լավ են վերաբերվում, ու ես ինձ լավ եմ զգում այստեղ։ Բայց պետք է սպասել առաջնության ավարտին ու հետո նոր կողմերով քննարկում ունենալ։ Այս պահին ոչինչ չեմ կարող ասել ու ամբողջությամբ կենտրոնացած եմ առաջիկա խաղերի վրա։
Ստելլա Բաբլոյան