«Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում ձեռքբերված 3 միավորը կարևոր էր, բայց աշխատանք դեռ կա կատարելու: Այս մասին այսօր ասել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում տարած 3-0 հաշվով հաղթանակից հետո հեռավար եղանակով պատասխանելով լրագրողների հարցերին:
«Որակական առումով այն չէր, ինչ ցանկանում էինք, բայց բնական է, որ առաջին պաշտոնական խաղը չէր կարող լինել այնպես, ինչպես մենք սպասում էինք: Դրականն այն է, որ հաղթեցինք: Այս պահին այս երեք միավորը շատ կարևոր էր, բայց պետք է շարունակենք աշխատել»:
— Տևական դադարից հետո առաջին պաշտոնական խաղն անցկացրիք, ինչպե՞ս կգնահատեք ֆուտբոլիստների մարզավիճակը, պատրաստվածության աստիճանը:
-Ճիշտն ասած՝ իրենք թե՛ ֆիզիկապես դեռևս պատրաստ չեն: Մենք, իհարկե, ինչ-որ չափով փորձել ենք արագացնել, բայց զգուշություն էլ ենք ցուցաբերում, քանի որ այդ պարագայում վնասվածքի հավանականությունն էլ է մեծանում: Բայց տղաների մոտ հիմա հոգեբանության հարցն էլ կա … սկսեցինք առաջնությունը, հետո դադար . պետք է կարողանան այդ ռիթմը նորից վերականգնել: Ավելի շատ գլխից է գալիս:
— Հետաքրքիր է՝ որքանո՞վ է համավարակն ու ճգնաժամը անդրադարձել ակումբի վրա, հնարավո՞ր է արդյոք՝ կազմի փոփոխություն տեսնենք, այսինքն ստիպված լինեք հրաժարվել որոշ խաղացողներից՝ ֆինանսական հարցերից ելնելով:
-Որքանով՝ ես տեղյակ եմ մեր ակումբում ֆինանսների տեսանկյունից ամեն ինչ շատ կայուն է: Ինչ վերաբերում է որոշ խաղացողներից հրաժարվելու հավանականությանը, ապա մենք կավարտենք այս մրցաշրջանը, 2 ամսով երկարաձգել ենք բոլորի պայմանագրերը, իսկ դրանից հետո արդեն կորոշենք, թե որ ֆուտբոլիստի հետ կշարունակենք, որի հետ ոչ: Ամեն դեպքում, մարզիչներիս պայմանագրերի ժամկետներն էլ են ավարտվում, այսինք դա ընթացքի հարց է: Դրա վրա չենք կենտրոնանում, մեզ համար հիմա ավելի կարևոր են այն խաղերը, որ դեռ պետք է անցկացնենք: Կենտրոնանում ենք մնացած խաղերի վրա և մտածում մեր առաջադրանքների մասին:
-Ի՞նչ կասեք Կոջոյի մասին: Ինչո՞ւ էր բացակայում կազմից, վնասվա՞ծք ուներ:
-Վնասվածք չուներ, պարզապես թեթև անհարմարություն էր զգում, վնասվածք չեմ անվանի: Եթե չեմ սխալվում, մեր հաջորդ խաղը մայիսի 30-ին է լինելու, այդ խաղին նա արդեն կմասնակցի:
— Օտուբանջոյի այսօրվա խաղից որքանո՞վ եք գոհ:
-Առհասարակ բոլորի մոտ այն վիճակը չէ, որը մենք սպասում ենք: Քանի որ այդ 3 խաղը, որոնցով սկսել էինք, տղաների վիճակն աճողաբար պետք է լավանար՝ թե՛ խաղակցվածության մակարդակը, թե՛ իրենց ֆունկցիոնալ վիճակը: Այդ իսկ պատճառով ինձ համար հիմա դժվար է գնահատական տալը: Այս պահի համար այն, ինչ նրանք ցույց են տալիս, նորմալ է:
-Այսօր կարծես՝ երկրորդ կազմով էիք խաղում: Ի՞նչ կասեք այդ մասին, ինչպես նաև Արթուր Դանիելյանի խաղի մասին, որը 11-մետրանոց ձեռք բերեց, բայց նաև որոշ սխալներ թույլ տվեց:
-Չէի ասի, թե երկրորդ կազմով էինք խաղում: Մեզ մոտ նման հասկացություն չկա:Մարզվում ենք 22 ֆուտբոլիստով և ցանկացածը կարող է դաշտ դուրս գալ և օգնել թիմին՝ դա կլինի խաղից սկզբից թե կեսից: Ու այդ առումով հիմա բոլորիս համար հեշտ է, քանի որ ինչպես գիտեք՝ 5 փոխարինում անելու հնարավորություն ունենք: Այնպես որ, մենք բոլորին էլ փորձում ենք օգտագործել խաղի մեջ, բայց դեռ շատ աշխատելու տեղ կա:
Ինչ վերաբերում է Արթուր Դանիելյանին, ապա ինչպես արդեն նշեցի՝ տղաները հիմա չեն կարող անել այն, ինչ մենք նրանցից պահանջում ենք: Պետք է շատ ուշադիր լինենք, թե նրանք ինչպես են վերաբերվում իրենց սխալներին, ինչպես են շարունակում աշխատել, թե չէ սխալները կլինեն: