«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է 2010 թվականին «Ինտերից» «Ռեալ» տեղափոխվելու մասին։ Միլանյան ակումբում վերջին մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը հաղթեց Չեմպիոնների լիգան։
«Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ ես դեռ պայմանագիր չէի կնքել «Ռեալի» հետ։ Ինչ-որ մեկն ասել էր, որ «սերուցքայինների» ներկայացուցիչները որոշիչ խաղից առաջ եկել էին մեր հյուրանոց, բայց դա սուտ է։ Այդպիսի բան չի եղել։
Ուզում էի կարիերաս «Ռեալում» շարունակել։ Նրանք դեռ 2009-ին էին ուզում ինձ հետ պայմանագիր կնքել, բայց այդ ժամանակ ղեկավարությունն ինձ թույլ չտվեց հեռանալ։ Ես արդեն մերժել էի մադրիդցիներին, երբ գլխավորում էի «Չելսին», իսկ նրանց 3 անգամ «ոչ» չեն ասում։
Որոշեցի հեռանալ «Ինտերից» «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակչից հետո, քանի որ գիտեի, որ կհաղթեմ Չեմպիոնների լիգան։ Ճիշտ որոշում էր, բայց «Ինտերում» ես ավելի երջանիկ էի»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին։