Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Սպորտ Գիլոյանի հետ» հաղորդման հյուրն է եղել ու խոսել է մի շարք թեմաների մասին։
Ֆեդերացիայի նախագահը պատմել է, թե ինչպես է վերսկսվելու Հայաստանի առաջնությունը, ինչ կանխարգելիչ միջոցառումներ են պատրաստվում իրականացնել անձնակազմի առողջության համար։
«Բունդեսլիգայում հանդիպումներին ներկա մարդկանց թիվը մոտ 300 է։ Մեզ մոտ այդ թիվը կկազմի 150։ Սա ասում եմ ներառյալ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, գնդակ մատակարարող երեխաներն ու ոստիկանները»,-ասել է Մելիքբեկյանը։
Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ պարետատան օգնությամբ ՀՖՖ-ին տրամադրվել են թեստեր։ Հանդիպմանը մասնակցություն ունեցող ողջ անձնակազմը թեստավորվելու է։
Մելիքբեկյանը հաստատեց, որ նրանք ամեն ինչ անելու են առաջնությունն ավարտին հասցնելու համար․ «Մենք ունենք կամք յուրաքանչյուր պարագայում ավարտել Հայաստանի առաջնությունը»։