Երևանի «Լոկոմոտիվը», ի պատասխան ԲԿՄԱ-ի տնօրեն, ՀՖՖ Գործկոմի անդամ Գագիկ Աղբալյանին, որն իր էջում գրառում էր կատարել երեկ կայացախ ընկերական խաղում տեղի ունեցած տհաճ միջադեպի վերաբերյալ, հայտարարություն է տարածել.
«Երեկ՝ մայիսի 20-ին կայացած ԲԿՄԱ-«Լոկոմոտիվ» ընկերական խաղի վերաբերյալ ԲԿՄԱ-ի տնօրեն, ՀՖՖ Գործկոմի անդամ Գագիկ Աղբալյանը իր էջում գրառում է կատարել, որի հետ մենք այդքան էլ համաձայն չենք։
Խաղից առաջ և հետո երկու թիմերի միջև եղել է դրական շփում, և վերջում միմյանց շնորհակալություն ենք հայտնել դինամիկ և լավ խաղի համար։
Մենք չենք ցանկանում կոնֆլիկտի մեջ մտնել, բայց տեղեկացնում ենք, որ «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներից ոչ ոք չի ցանկացել վիրավորել կամ սադրել մրցավարին կամ հակառակորդ թիմին։
Խաղային դրվագում մեր ակումբի երկու ֆուտբոլիստի վիճաբանության հարցին արդեն լուծում տրվել է ակումբի ղեկավարության կողմից։
Սա ֆուտբոլ է, և հնարավոր է, որ այսպիսի միջադեպեր լինեն, բայց չի կարելի երանգավորել և ներկայացնել ծաղկեցված»,-ասված է հայտարարության մեջ: