ՌՊԼ-ում կարող է կոմիտե ստեղծվել, որը մասնագիտացված կլինի կորոնավիրուսի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է RBK-ն՝ հղում կատարելով «Match TV»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանին։
Ռուսաստանի պրեմիեր լիգայի ակումբներին 1 միլիոն ռուբլուց սկսած տուգանքներ են սպասվում Ռուսաստանի առաջնությունում բժշկական կանոնադրությունը խախտելու համար։ Այս մասին «Match TV»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը գրել է իր Telegram-ում։
Մայիսի 15-ին Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն ՌՊԼ-ի մրցաշրջանն ավարտին հասցնելու որոշում էր կայացրել։ Մնացած 8 տուրերը կանցկացվեն հունիսի 21-ից հուլիսի 22-ը։ Ակումբները, սկսելով առաջնության վերսկսման պատրաստությունը, խաղացողներին ու մարզիչներին թեստավորում են։
Վարակ է հայտնաբերվել «Լոկոմոտիվի», «Ռուբինի» ու «Դինամոյի» ներկայացուցիչների մոտ։
Առուստամյանը նշել է, որ ֆուտբոլիստները, իրենց թիմերին միանալով, լուրջ հսկողության տակ են գտնվում, իսկ կորոնավիրուսի համար թեստավորվելու են գրեթե ամեն շաբաթ։ Նրա խոսքով՝ բժշկական կանոնադրությունը խախտելու համար Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատրաստվում է լուրջ տուգանքներ սահմանել՝ սկսած 1 մլն ռուբլուց։
Առուստամյանն ասել է, որ որոշ թիմերի խաղացողների մոտ COVID-19-ի հայտնաբերումը հարցականի տակ չի դնի ՌՊԼ-ի վերսկսումը։ Նա օրինակ է բերել Եվրոպան, որտեղ ևս ակումբները թեստավորում են անցկացնում։ «Ա Սերիայի թիմերի մարզումներին վերադառնալու հայտարարությունից հետո արդեն վարակվածներ ի հայտ եկան «Ֆիորենտինայում», «Պարմայում» ու այլ թիմերում։ Խաղացողները կամ մենեջերները գնում են բուժվելու կամ ինքնամեկուսացվում են, բայց դա մրցաշրջանի խափանում չի ենթադրում»,- հստակեցրել է մեկնաբանը։
ՌՊԼ-ի առաջատարը 22 տուրից հետո «Զենիթն» է, որը 50 միավոր ունի։ 2-րդ ու 3-րդ տեղերում «Լոկոմոտիվն» ու «Կրասնոդարն» են, որոնք իրենց ակտիվում 41 միավոր ունեն։