Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում պատմել է, թե ինչ նմանություններ ունեն հայերն ու իտալացիները, ինչպես է արձագանքել, երբ իտալական ուտեստներ է փորձել, և ինչպես է իրեն տրվել իտալերենը:
-Կարո՞ղ ես պատմել ինչ-որ զվարճալի միջադեպի մասին, որ քեզ հետ պատահել է Իտալիայում: Գիտենք, որ իտալացիները ևս հումորի լավ զգացում ունեն:
-Այո, հայերն ու իտալացիները շատ նմանություններ ունեն, ինչն ինձ համար լավ է, քանի որ իտալացիների շրջանում ինձ շատ լավ եմ զգում: Դա կյանքն ավելի հեշտ է դարձնում: Ինչ վերաբերում է զվարճալի դեպքերին, պետք է ասեմ, որ այդպիսիք շատ են եղել: Օրինակ, երբ սեպտեմբերի 2-ին Լոնդոնից Հռոմ պետք է թռչեի, ինքնաթիռի մեջ ստյուարդը մոտեցավ ինձ ու հարցրեց՝ արդյոք արդեն պայմանագի՞ր եմ կնքել «Ռոմայի» հետ, ասացի, որ դեռ նոր եմ մեկնում Հռոմ, տեսնելու՝ արդյոք կստորագրե՞մ պայմանագիրս, թե՞ ոչ: Երբ ժամանեցի Հռոմ, բազմաթիվ լրագրողներ էին հավաքվել: «Ռոմայի» մամուլի քարտուղարին հարցրի, թե ինչ են նրանք այստեղ անում, չէ՞ որ ես դեռ պայմանագիր չեմ կնքել: Նա ասաց, որ Իտալիայում պարզապես խելագարվում են ֆուտբոլի համար ու ամեն ինչ գիտեն, և որ ես պետք է պատրաստ լինեմ նման բաների: Ես ինքս դեռ չգիտեի՝ պայմանագիր կկնքե՞մ «Ռոմայի» հետ, թե՞ ոչ, իսկ նրանք գիտեին, թե ես արդեն ստորագրել եմ:
-Իտալական ֆուտբոլի համար կա՞ն առանձնահատուկ սլենգային բառեր:
-Իտալերենը շատ գեղեցիկ լեզու է: Երբ ավելի երիտասարդ էի, նպատակներիցս մեկն իտալերեն կամ իսպաներեն սովորելն էր, ու հիմա հնարավորություն ստացա իտալերեն սովորելու: Փառք Աստծո, ինձ մոտ վատ չի ստացվում, մարդիկ գոհ են նրանից, թե ես ինչպես եմ խոսում իտալերեն, արդեն հասցրել եմ մի քանի հարցազրույց տալ: Դաշտում շատ ավելի հեշտ է թիմակիցների հետ հաղորդակցվելու առումով, քանի որ երկար նախադասություններ ասելու կարիք չկա: Մի քանի առանցքային բառեր կան, որ միշտ պետք են գալիս՝ աջ, ձախ, առաջ, հետ … հեշտ է:
Կարծում եմ՝ այն, թե ես ինչպես ինձ նվիրեցի իտալերեն սովորելուն, շատ լավ էր, շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր օգնեցին ինձ: Վստահ եմ՝ դեռ բարելավելու շատ տեղեր ունեմ:
-Հնարավոր չէ չանդրադառնալ խոհանոցի թեմային՝ ինչպես հայկական, այնպես էլ իտալական: Ի՞նչ ես կարծում Իտալիայում ապրելն ու խաղալն առավելություն է:
-Երբ այստեղ տարբեր ռեստորաններում սկսեցի ճաշակել իտալական ուտեստներն, ասացի՝ «Աստված իմ …»: Շատ ուտեստներ եմ փորձել կյանքիս ընթացքում, բայց սա հիանալի էր: Այստեղի համեղ ուտեստները քեզ կարող են առաջ մղել ու ստիպել վայելել Իտալիայում ապրելու հաճույքը:
-Շատերն ասում են, որ հայերն ու իտալացիներն իրար նման են: Քո փորձառությունն ի՞նչ է ցույց տալիս:
-Կարծում եմ՝ միակ տարբերությունը լեզուն է: Նրանք խոսում են իտալերեն, մենք՝ հայերեն: Որևէ այլ տարբերություն չեմ տեսնում: Նրանք էլ շատ կատակասեր են, զվարճալի: Նրանք էլ են ստում: Դա նորմալ է, ես սովորել եմ դրան: Սիրում եմ դրական ու էներգիայով լի մարդկանց: Երբ առաջին անգամ եկա այստեղ, թվում էր՝ Հայաստանում եմ: