Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը «Սպորտ Գիլոյանի հետ» հաղորդման շրջանակում խոսել է հայկական բասկետբոլի այս տարվա կորուստների մասին.
«Գրեթե վստահ եմ, որ ամռանը նախատեսված մրցաշարերը կչեղարկվեն: Բացի ազգային հավաքականի խաղերից, մի շարք խաղեր ունեին նաև պատանեկան թիմերը: Պատանիների հանդեպ ավելի զգայուն են ամբողջ աշխարհում: Ցավոք սրտի, այս տարի զրկվել ենք Եվրոպական ստուգատեսերին մասնակցելու հնարավորությունից: Ցավում եմ, քանի որ մեր 4 հավաքականները բավական լավ էին կոմպլեկտավորված: Մեծ ծավալի աշխատանք էինք տարել ԱՄՆ-ի հայկական համայնքի շրջանում, և այնտեղի մեր լավագույնները լինելու էին հավաքականում:
Այս տարի Իռլանդիայում նախատեսված ընտրական փուլը պետք է ամռանը կայանար, և դա լավ էր, քանի որ նախորդ տարիներին աշնանն էր լինում, և ԱՄՆ-ի մեր խաղացողները խաղում են Ուսանողական լիգայում ու աշնանը չէին կարողանում ներկայանալ հավաքական, իսկ ամռանը ամեն ինչ այլ կլիներ: Հավաքականում կլինեին Անդրե Սփայթ Մկրտչյանը, Գարի Չիվիչյանը, Արկադի Մկրտչյանը, Անդրանիկ Չրաբաշը»,-ասել է Նազարյանը: