Հայաստանի ազգային հավաքականում ստեղծման օրվանից հանդես են եկել արտասահմանում ծնված և ֆուտբոլային ճանապարհ անցած խաղացողներ: Նրանցից մի մասի կարիերան հավաքականում այդպես էլ չի ստացվել, մի մասը հասել է նշանակալի հաջողությունների։ Ոմանք էլ հավաքականի մարզաշապիկը կրելով շատ կարճ ժամանակ՝ իրենց նվիրվածությամբ, առանձնահատուկ խաղային ձեռագրով կարողացել են հետք թողնել հայկական ֆուտբոլի պատմության մեջ, սիրվել երկրպագուների կողմից: Այսպիսին է նաև մեր այսօրվա հերոսը:
Անդրեյ Մովսեսյանը ծնվել է Մոսկվայում: Ռուսաստանի Պիեմիեր լիգայում նորամուտը նշել է 1996 թվականին: Հայաստանի հավաքականի կազմում խաղացել է 18 խաղ և խփել 2 գնդակ։ Վերջին տարիներին աշխատում էր Մոսկվայի ԲԿՄԱ-ում, որպես սկաուտ: Մարտից ստանձնել է ԲԿՄԱ-ի սելեկցիոն բաժնի ղեկավարի պաշտոնը:
ArmSport-ի հետ զրույցում Մովսեսյանը խոսել է անցած ուղղու, հայկական ֆուտբոլի խնդիրների, ներկայիս աշխատանքի մասին:
«Իմ պապիկը ծնվել է Ախալքալակում: Ծառայել է Ռուսաստանում, այնուհետև ամուսնացել է ռուս կնոջ հետ: Հայրս ծնվել է Մոսկվայի մարզում: Հայրս նույնպես ամուսնացել է ռուս կնոջ հետ (Ծիծաղում է): Ես ծնվել եմ Մոսկվայում: 8 տարեկանից հաճախել եմ ԲԿՄԱ-ի մարզադպրոց:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայում իմ դեբյուտը եղել է ԲԿՄԱ-ում: Ես հրավիրվել եմ Ռուսաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներ, մասնակցել եմ ընկերական հանդիպումների, բայց չեմ մասնակցել պաշտոնական խաղերի:
2000 թվականին խաղում էի «Սատուրնում»: Այդ ժամանակ ինձ հետ կապ հաստատեցին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայից, ցանկություն հայտնեցին, որ ես միանամ Հայաստանի հավաքականին: Ես հրավերն ընդունեցի՝ առանց երկար մտածելու:
Առաջին ընկերական խաղում մենք 2:1 հաշվով հաղթեցինք Լիտվայի ընտրանուն: Այս խաղում դարձա նաև գոլի հեղինակ: Պաշտոնական խաղերից նորամուտս Նորվեգիայի հետ հանդիպումն էր, որն ավարտվեց 0:0 հաշվով»,-խոսելով իր արմատների և ֆուտբոլային առաջին քայլերի մասին հիշում է Մովսեսյանը:
— Մինչև Հայաստանի հավաքական հրավիրվելը, ցանկություն ունեցե՞լ եք խաղալ Ռուսաստանի հավաքականում:
-Երբ դեռ խաղում էի Ռուսաստանի պատանեկան հավաքականում, ինքս էլ գիտակցում էի, որ հավաքականում շատերն ինձնից տաղանդավոր են ու ավելի ուժեղ: Ես գիտեի, որ Ռուսատանի հավաքականն ինձ հրավեր չի ուղարկի, քանի որ իմ դիրքում ավելի ուժեղ ֆուտբոլիստներ կային: Երբ միացա Հայաստանի հավաքականին, մտավախություն ունեի, որ հնարավոր է չկարողանամ ինձ լավ դրսևորել նույնիսկ ընկերական խաղում, բայց փառք Աստծու, ամեն ինչ լավ ստացվեց:
-Չնայած լավ ելույթներին՝ հավաքականում Ձեր կարիերան շատ կարճ է ստացվել:
— Ուկրաինայի հավաքականի հետ (2:2) խաղից հետո ես հրաժարվեցի խաղալ հավաքականում, պատճառն այն էր, որ հավաքականի մարզիչ Օսկար Լոպեսի որոշումներն ինձ համար անհասկանալի ու տարօրինակ էին: Մենք հաղթելու լուրջ հավակնություներ ունեինք, քանի որ ուկրաինացիները կադրային լուրջ խնդիրներ ունեին:
Ստացվեց այնպես, որ ես, Ալբերտ Սարգսյանը և Արթուր Ոսկանյանը չհայտնվեցինք մեկնարկային կազմում, իսկ փոխարինման մտնելուց հետո մենք ամբողջողվին տիրեցինք նախաձեռնությանը և եթե ավելի շուտ լինեինք խաղադաշտում, վստահաբար խաղն այլ ելք կունենար: Առաջին խաղակեսից հետո պարտվում էինք 0:2 հաշվով, բայց խաղն ավարտվեց 2:2: Այդ խաղից հետո ես վերադարձա Մոսկվա և պաշտոնական նամակ գրեցի ՀՖՖ-ին, որ այլևս չեմ ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Ինձ ասացին, որ ես շտապել եմ, ու պետք չէր միանգամից նման որոշում կայացնել: ՀՖՖ-ն շատ դժվարությամբ ընդունեց իմ որոշումը: Ես էլ էի հասկանում նրանց: Հետո ինքս ինձ սկսեցի մեղադրել, քանի որ առանց երկար մտածելու որոշում եմ կայացրել: Ոչ մի կոնֆլիկտ չի եղել ֆեդերացիայի հետ: Ես տեղեկացրել եմ, որ եթե անհասկանալի բաներ են կատարվում, ես ցանկանում եմ իմ սրտի հորդորով առաջ գնալ: Իմ այդ քայլը մարզչի դեմ էր և ոչ թե՝ ՀՖՖ-ի կամ իմ խաղընկերների: Իմ վերադարձը հավաքական եղավ այն ժամանակ, երբ մարզիչ նշանակվեց Միխայ Ստոյկիցան:
Ես եկա հետ, և իմ առաջին խոսակցությունը եղավ ՀՖՖ նախագահի հետ: Վերջինս ասաց, որ գոյություն ունեն պրոֆեսիոնալ ֆուտբոլային հարաբերություններ ու մենք գործելու ենք այդ սահմաններում: Ես ընդունեցի առաջարկն ու զրույց ունեցա մարզչի հետ: Նա ասաց, որ ցանկանում է ինձ տեսնել հավաքականում, բայց միաժամանակ չի երաշխավորում իմ տեղը մեկնարկային կազմում: Ես ասացի, որ շատ լավ եմ դա հասկանում, ու չեմ պնդում, որ լինեմ մեկնարկային կազմում: Ինձ համար կարևորն այն է, որ մարզիչը խելամիտ և օբյեկտիվ որոշումներ կայացնի և իր թիմի հետ վարվի այնպես, ինչպես ցանկացած ֆուտբոլիստ կվարվի իր ազգային հավաքականի հետ: Հետո ստացվեց այնպես, որ ես թիմում հետզհետե կորցրեցի իմ տեղը մեկնարկային կազմում և չհրավիրվեցի հավաքական: Հավաքականում ևս մեկ անգամ տեղի էր ունեցել մարզչական փոփոխություն: Մարզիչ էր դարձել ֆրանսիացի Բեռնար Կազոնին:
-Ցանկություն կամ միտք ունեցե՞լ եք աշխատել Հայաստանում:
— Ես ունեմ նաև մարզչական կրթություն և աշխատում էի Ռուսաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում, որպես գլխավոր մարզչի օգնական: Ստացվեց այնպես, որ ինձ թույլատրեցին միաժամանակ ԲԿՄԱ-ում աշխատել որպես սկաուտ: Հավաքականում իմ հիմնական աշխատանքը խաղերի վերլուծությունն էր: Այն շատ հետաքրքիր աշխատանք էր, և շատ բան է տվել ինձ, բայց ես իմ ապագան չեմ տեսել մարզչի դերում և արդեն սկսեցի զբաղվել միայն սկաուտի աշխատանքով, իսկ այս տարվա մարտ ամսից ԲԿՄԱ-ի սելեկցիոն բաժնի ղեկավարն եմ:
-Ե ՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստաում:
-Ես եղել եմ Հայաստանում 2016 թվականին՝ մինչև 19 տարեկանների ընտրական փուլի 7-րդ խմբի հանդիպումներին: Աշխատանքային ծանրաբեռնվածությունն այնքան շատ է, որ ցավոք սրտի չեմ կարողանում պլանավորել Հայաստան գալու և ժամանակ անցկացնելու համար: Ամոթով եմ ասում, բայց ես նույնիսկ չեմ եղել Սևանում: Շատ եմ ցանկանում ընտանիքիս բերել Հայաստան ու ավելի մոտիկից ծանոթանալ իմ պատմական հայրենիքին: Հիմա Հայաստանի հետ շատ մեծ կապ չունեմ: Միայն շփումն է մնացել հավաքականի որոշ նախկին ֆուտբոլիստների հետ:
-Ինչքանո՞վ եք ծանոթ հայկական ֆուտբոլին:
— Անկեղծ ասած, շատ չեմ հետևում առաջնության խաղերին, բայց հավաքականի խաղերը փորձում եմ բաց չթողնել, քանի որ հետաքրքիր է տեսնել, թե ինչ վիճակում են հավաքականի խաղացողները: Երբ հավաքականը խաղում է ավելի ուժեղ թիմի դեմ, դա ավելի լավ է, քանի որ այդ դեպքում ավելի լավ են երևում ֆուտբոլիստի իսկական որակները: Որպես սկաուտ էլ ցանկություն եմ ունեցել օգտակար լինել հայկական ֆուտբոլին: Լինելով Ռուսաստանի տարբեր վայրերում՝ հավաքագրել եմ տաղանդավոր հայ երեխաներին, բայց ՀՖՖ-ն ինձ երբեք չի դիմել այդ հարցով:
— Նշեցիք, որ ներկա եք եղել մինչև 19 տարեկանների հանդիպումներին: Հայ ֆուտբոլիստներից ո՞վ է եղել ձեր ուշադրության կենտրոնում:
-Անուն-ազգանունը հիշելու համար նախ պետք է շատ տպավորվի այդ ֆուտբոլիստի խաղը: Ինձ համար հիմա բարդ է հիշելը: Ինձ առաջարկել են, որ Վահան Բիչախչյանը փորձաշրջան անցնի մեր թիմում, բայց ես մտածում էի, որ չնայած ունենալով լավ որակներ՝ նա իր տեղը չի գտնի թիմում, քանի որ այդ դիրքում կային ավելի ուժեղ ֆուտբոլիստներ: Մի պահ իմ դիտակետում էր նաև Վարազադատ Հարոյանը, որն այդ ժամանակ խաղում էր Իրանի առաջնությունում: Հաճախ ինձ հարցնում են ինչ-որ ֆուտբոլիստի մասին, և ես ասում եմ՝ չեմ ճանաչում: Հետագայում տեսնում եմ նրա անունը իմ ցուցակում և հասկանում եմ, որ նա ինչ-որ ժամանակ եղել է իմ դիտակետում: Ես այնքան ինֆորմացիա եմ ստանում, որ ուղղակի հնարավոր չի լինում այդքան բան հիշել:
-Դուք աշխատում եք տարբեր ազգություն ունեցող ֆուտբոլիստների հետ: Ի՞նչ առանձնահատկություն ունեն հայ ֆուտբոլիստները:
-Հայ ֆուտբոլիստները տեխնիկապես շատ լավն են: Առաջ գնալու համար նրանց չի բավարարում մրցակցությունը: Եվրոպայում մինչև 19 տարեկան ֆուտբոլիստները մասնակցում են միջազգային տարբեր մրցաշարերի: Այն ֆուտբոլիստները, որոնք ուզում են զարգանալ, պետք է շատ խաղան արտասահմանում, ավելի բարձր որակներ ունեցող թիմերի դեմ, ու դրա համար լավագույն ժամանակը 16 տարեկանից հետոն է: Դա թույլ կտա նրանց ունենալ ավելի բարձր խաղամակարդակ:
-Տևական ժամանակ է՝ հայկական ֆուտբոլում քննարկումներ կան առաջնություններում լեգիոներների սահմանափակման մասով, ի՞նչ կասեք այդ մասին:
-Ես լավ ծանոթ չեմ Հայաստանի առաջնությանը, բայց ցանկացած իրավիճակում դեմ եմ լիմիտին: Ամեն ինչ պետք է գնա իր բնական ճանապարհով: Ակումբը ձեռք է բերում լեգիոներներին, քանի որ նրանք ավելի բարձր մակարդակի են, իսկ մյուս ֆուտբոլիստները կարող են աճել նրանց կողքին: Երբ ֆուտբոլիստը դուրս է գալիս ակադեմիայից ու թիմ մտնելուն պես ունենում է իր երաշխավորված տեղը մեկնարկային կազմում, դա լավ բանի չի բերում, իսկ երբ թիմում հայտնվելուց հետո հանդիպում ես դիմադրության և ստիպված ես լինում պայքարել մեկնարկային կազմի համար, դա բերում է որակական առաջընթացի:
-Խոակին Կապառոսի մասին ի՞նչ կարծիք ունեք ու ի՞նչն է պակասում Հայաստանի հավաքականին:
-Անկեղծ ասած, ինքս էլ ծանոթ չեմ Կապառոսին կամ նրա խաղային ձեռագրին: Հայաստանի հավաքականը լավ ելույթներ էր ունենում, երբ Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» ֆուտբոլիստ էր։ Իմ կարծիքով ամենավատ ֆուտբոլիստներից էլ կարելի է ստանալ կազմակերպված թիմ այն դեպքում, երբ թիմը կայուն է, ու կազմը շատ չի ենթարկվում փոփոխություների: Այդ դեպքում հաջողությունն ավելի մոտ կլինի: Հավաքականի մարզիչների համար ամեն ինչ ավելի դժվար է, քանի որ հնարավորություն չի ունենում ամենօրյա մարզում անցկացնել իր ֆուտբոլիստների հետ:
Հարցազրուցի վերջում Մովսեսյանը շեշտեց, որ ինքը հպարտ է, որ խաղացել է Հայաստանի հավաքականում.
«Շնորհակալ եմ ՀՖՖ-ին՝ ժամանակին ինձ ուշադրություն դարձնելու համար: Դա ինձ համար մեծ պատիվ է: Ես ինձ համարում եմ հայկական ֆուտբոլի մի մասնիկը և հպարտ եմ, որ ինչ-որ ժամանակ եղել եմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ ու դրա միջոցով իմ անունը եղել է ճանաչելի: Հպարտ եմ, որ կարողացել եմ ուրախացնել հայ երկրպագուներին: Հպարտ եմ իմ հայրենիքով: Ցանկանում եմ, որ հայ ֆուտբոլիստները միշտ շարժվեն առաջ: Հայկական ֆուտբոլն ունի իր ինքնուրույնությունը, և մնում է, որ դա՝ տեխնիկան և խաղային ձեռագիրն, ավելի զարգացնեն, որպեսզի հայկական ֆուտբոլում ի հայտ գան նոր Հենրիխ Մխիթարյաններ» :
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ