Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով։ Չնայած այս փաստին՝ հայկական ֆուտբոլային թիմերը շարունակում են նախապատրաստությունը առաջնության վերսկսմանը։ Իսկ թե երբ այն կվերսկսվի, հայտնի չէ։
Մարզումային գործընթացի, խաղացողների պատրաստվածության ու ակումբի առջև դրված նպատակների մասին ArmSport-ը զրուցել է Առաջին խմբի ներկայացուցիչ «Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ։
-Ինչպե՞ս են ընթանում մարզումները։
-Մարզումները նորմալ են ընթանում։ Սկսել ենք ապրիլի 23-ից, ըստ ֆեդերացիայի տված նախնական կանոնների՝ մարզվել ենք երկու խմբով՝ փորձելով պահպանել անվտանգության միջոցառումները։ Հետո, երբ ամբողջ խմբով մարզվելու թույլտվություն եղավ, սկսեցինք ամբողջ խմբով մարզվել։ Թիմում ամեն ինչ նորմալ է, հիվանդներ չունենք, թեստավորվել ենք․ վարակվածներ չունենք։
-Ինչպիսի՞ն է խաղացողների մարզավիճակն այս մեծ դադարից հետո։
-Բնական է, որ մարզավիճակը չի կարող լավ կամ բավարար լինել։ Մեկ ամսվա պարապուրդից հետո, իհարկե, լավ չէ։ Բայց փորձում ենք մարզումների, ընկերական խաղերի միջոցով բարելավել ֆուտբոլիստների վիճակը, որպեսզի առաջնության վերսկսման դեպքում լավ ներկայանանք։
-Այս ընթացքում ֆուտբոլիստներն անհատական մարզումային ծրագիր ստանո՞ւմ էին ակումբից, որպեսզի տանը մարզվեն։
-Այո՛, ֆուտբոլիստներին ծրագրեր էինք ուղարկում՝ հրահանգավորելով, թե ինչ պետք է անեն ու նրանք անում էին այդ գործողությունները։
-Որքա՞ն ժամանակ կպահանջվի օպտիմալ մարզավիճակի հասցնելու համար։
-Սա սարսափելի մի բան էր ֆուտբոլի համար, մեզ համար առհասարակ։ Բնական է, որ նման իրավիճակ երբևէ չէր եղել ու այն շատ ծանր է թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մարզիչների համար, կյանքի համար առհասարակ։ Դրական բաներ գտնելը դժվար է։ Սկսում ես շատ այլ բաների մասին մտածել։ Բայց հիմա կյանքն այսպիսին է, պետք է փորձենք դրան համահունչ առաջ շարժվել։ Դժվարություններ կան, փորձում ենք դրանք հաղթահարելով առաջ շարժվել, մեր ծրագրերը մաքսիմալ ձևով իրագործել։ Այս մի ամիսը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով բոլորիս վրա շատ վատ ազդեցություն ունեցավ։
-Ամեն դեպքում, ըստ Ձեզ՝ որքա՞ն ժամանակ կպահանջվի մարզավիճակը վերականգնելու համար։
-Դե, եթե հաշվի առնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ մարզվում ենք, կարող եմ ասել, որ ֆունդամենտալ մարզավիճակը կա, բայց չեմ կարող ասել, որ շատ մոտ ենք օպտիմալ մարզավիճակին։ Էլի ընկերական խաղեր կունենանք, որոնք կօգնեն այդ հարցում։ Կարծում եմ՝ մեկ շաբաթ, տասը օր էլ անհրաժեշտ կլինի չասեմ՝ առավելագույն, բայց լավ մարզավիճակի հասնելու համար։
-Բացի ընկերական խաղերը, մարզումները լրացուցիչ ծանրաբեռնվածո՞ւթյամբ եք կազմակերպում հիմա։
-Իհարկե։ Սովորական գործընթաց է։ Ծրագրավորված մարզումներ ենք անում։ Մոտավորապես այսպես բացատրեմ․ երբ թիմն արձակուրդից վերադառնում է, սկսում ենք մարզվել որոշակի ծրագրով։ Հիմա իրավիճակն այդպես ենք ընդունել, որ թիմը եկել է արձակուրդից ու պիտի զրոյից սկսենք մարզումները։
-Ի՞նչ կարծիք եք կազմել արդեն կայացած ընկերական խաղերից հետո։
-Երկու ընկերական խաղ ենք անցկացրել։ Առաջինը հենց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ, շատ գոհ եմ մեր թիմի ցուցադրած խաղից թե՛ որակապես, թե՛ հաշվի առնելով այն՝ ում դեմ էին խաղում։ Բավականին լավ հանդիպում ստացվեց մեզ համար։ Մյուսը խաղացել ենք «Մասիսի» հետ։ Երկու խաղերն էլ, ի դեպ, 1-1 են ավարտվել։ Խաղերի ընթացքում փորձարկումներ ենք արել, խաղաժամանակ ենք տվել նոր ֆուտբոլիստներին։ Ընկերական խաղերի ժամանակ արդյունքի վրա չենք կենտրոնանում, այլ՝ գործողությունների, համագործակցության։ Երկու լավ խաղ ենք անցկացրել, ամսի 16-ին էլ Գյումրիում հանդիպելու ենք «Շիրակին»։ Մեզ համար էլ է դժվար, քանի որ հստակություն չկա, որ հասկանանք, երբ ենք վերսկսելու առաջնությունը։ Երբ իմանանք, գուցե, ծրագրային որոշակի փոփոխություններ անենք, որպեսզի կարողանանք առաջնությունը լավ վերսկսել։
-Խոսակցություններ կային, որ հնարավոր է ամսի 23-ին վերսկսվի առաջնությունը։ Դուք պատրաստ կլինե՞ք։
-Երբ առաջնությունը վերսկսվի, «Վանը» պատրաստ կլինի։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք մեր առջև ամենաբարձր նպատակներն ենք դրել ու մեր միակ նպատակը Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճելն է։
ՀԳ. Ավելի ուշ ՀՖՖ-ն հայտնեց, որ ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունները վերսկսվում են մայիսի 23-ին:
Ստելլա Բաբլոյան