City Football Group հոլդինգը (CFG), որին պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը, պատրաստվում է ձեռք բերել ռուսական ակումբներից մեկը: Առաջին հերթին ընկերությունը դիտարկում է ՌՊԼ- ի թիմերից մեկը: Այս մասին հաղորդել է «Рейтинг Букмекеров»-ը:
Ըստ աղբյուրի, CFG-ն հետաքրքրվել է Ռուսաստանի ֆուտբոլային շուկայով 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո, որն անցկացվեց Ռուսաստանում: Ընկերությունը տպավորված էր մրցաշարի կազմակերպմամբ և երկրի բնակչության հետաքրքրությամբ ֆուտբոլում:
Նշվում է, որ այս տարվա փետրվարին CFG-ն միջնորդների միջոցով բանակցություններ է վարել ռուսական ակումբներից մեկի հետ: Այնուամենայնիվ, բանակցությունները ներկա դրությամն դադարեցվել են, քանի որ ՈւԵՖԱ-ն երկու մրցաշրջանով հեռացրեց «Մանչեսթեր Սիթին» եվրագավաթներից՝ ֆինանսական արդար խաղի խախտման պատճառով, իսկ ավելի ուշ բոլոր ֆուտբոլային մրցաշարերը կասեցվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր հանդիսացող City Football Group ընկերությունը ձեռք է բերել իր իններորդ ակումբը, հայտնում է Skysports-ը: Խոսքը բելգիական «Լոմմել» ակումբը գնելու մասին է: Նշվում է, որ City Football Group-ը մարելու է ակումբի պարտքերը 1,75 միլիոն ֆունտի չափով:
Ներկա դրությամբ City Football Group-ը ունի արդեն 9 ֆուտբոլային ակումբ: Դրանք են «Մանչեսթեր Սիթին», «Նյու Յորքը», «Մելբուրնը», «Յոկոհամա Մարինոսը», «Ատլետիկո Տորկը», «Ժիրոնան», «Սիչուանը» և «Մումբայ Սիթին», իսկ այժմ արդեն նաև բելգիականա թիմը՝ «Լոմմելը»: