ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, որն այս օրերին գտնվում է Իսպանիայում, ծավալուն հարցազրույց է տվել տեղի Sport.es պարբերականին՝ խոսելով կորոնավիրուսով վարակված լինելու կասկածների, Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի, մեր թիմի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու ու այլ հարցերի մասին։
-Ինչպե՞ս է իրեն զգում Խինեսն այս սահմանափակումների շրջանում։
-Դե, մարտի 11-ից տանն եմ։ Իսպանիա էի եկել Չեմպիոնների լիգայի՝ «Վալենսիա»- «Ատալանտա» խաղին ՈՒԵՖԱ-ի համար տեխնիկական զեկույց պատրաստելու ու մնացի այստեղ։ Հիմա Ալբասետեում գտնվող իմ տանն եմ, որտեղ աշխատում եմ, ժամանակ առ ժամանակ՝ կիթառ նվագում։ Մարզվում էի, երեկոյան ժամը 8-ին պատուհանից ծափահարում մեզ համար իրենց կյանքն անգամ չխնայող բուժաշխատողներին։ Այս իրավիճակը անսպասելի էր բոլոր երկրների համար և լավ չի լինի, եթե միավորված չլինենք։
-Կորոնավիրուսով էիք վարակվել, այնպես չէ՞։
-Վստահ չեմ, բայց Վալենսիայից վերադառնալուց 5 օր հետո սկսեցի ինձ վատ զգալ։ Այնտեղ գրկախառնվել էի Գայայի, Պարեխոյի, Ալբերտ Սելադեսի ու ֆիզպատրաստվածության մարզիչ Խավյեր Մինյանոյի հետ։ Սարսափելի չոր հազ ունեի, բայց ջերմություն՝ ոչ։ 22 օր հակաբորբոքայիններ եմ ընդունել․ ողջ մարմինս ցավում էր։ Շատ վատ ժամանակաշրջան էր։ Շնորհիվ իմ ընկեր-բժիշկներ Նահառոյի ու Միգել Տոռեսիլյասի՝ ես այն հաղթահարեցի առանց հիվանդանոց գնալու։ Հիմա ինձ լավ եմ զգում, բայց կարծում եմ՝ հանգստության համար կթեստավորվեմ։
-Անհամբերությամբ սպասում եք, թե ե՞րբ եք վերադառնալու Հայաստան՝ աշխատելու։
-Այո՛, բայց տեսնենք՝ երբ կարող ենք ճամփորդել։ Ճշմարտությունն այն է, որ այնտեղ համաճարակի հետ կապված վիճակն ավելի լավ է, քան այստեղ՝ մեզ մոտ։ Բայց մենք մի քիչ երկար կսպասենք, չնայած նրան, որ Հայաստանում առաջնությունն ամսի 23-ին վերսկսելու մտադրություն ունեն։
-Ինչո՞ւ որպես նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ընտրեցիք։
-Ճշմարտությունն այն է, որ մենք նման մասնագետ էինք փնտրում։ Բացի դրանից, ես ու Խոակինը երկար ժամանակ է իրար ճանաչում ենք ու ես կատարելապես գիտեմ՝ նա ինչպիսին է։ Կապառոսն ի ծնե հաղթող է ու դա հենց այն է, ինչ մեզ պետք էր հայ ֆուտբոլիստների համար։ Խաղացողներն ու մարդիկ Հայաստանում շատ ոգևորված են նրա ժամանումով։
-Հայաստանի համար Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության մասին երազելը հնարավո՞ր է։
-Պետք է պայքարենք, չնայած գիտենք, որ շատ դժվար է լինելու։ Բայց պետք է խաղաս․ խաղադաշտում ամեն ինչ հնարավոր է։
-Այս ամբողջ ժամանակահատվածում ֆուտբոլի հետ կապված ի՞նչն է Ձեզ ամենից շատ զարմացրել այդ երկրում։
— Անկասկած, նրանց մրցունակ բնավորությունն ու ահռելի պատրանքները։ Հայաստանում մարդիկ ապրում են միայն ֆուտբոլի մասին մտածելով։