Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Բերնար Ջուդիչելին հավանական է համարել, որ Ֆրանսիայի 2020 թվականի Բաց առաջնությունը կարող է անցկացվել փակ տրիբունաներում: Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով գրունտային մրցաշարը, նախնական տարբերակով, տեղափոխվել է աշուն.
«Ոչ մի տարբերակ չի բացառվում: Հիմա մենք ինֆորմացիայի պակաս ունենք, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում որևէ կանխատեսումներ անել, որոնք սխալ դուրս կգան:
Եթե մրցաշարն առանց հանդիսականների անցկացվի, ամեն դեպքում հետաքրքիր կլինի: Ինչ էլ լինի, կան հովանավորներ և հեռարձակման իրավունք»,- Ջուդիչելիի խոսքերն է փոխանցում AFP-ն:
Մարտի 18-ին АТР-ն և WTA-ը համատեղ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկան՝ մինչև հունիսի 7-ը բոլոր մրցաշարերի դադարեցման մասին: Թենիսիստները ինքնամեկուսացման մեջ են և անհատական մարզումների միջոցով են պահպանում մարզավիճակը:
Ավելի ուշ կազմակերպությունների ղեկավարները հայտարարեցին, որ դադարը հետաձգում են մինչև հունիսի 13-ը, իսկ հետո՝ մինչև օգոստոսի 3-ը: Ընդ որում, մինչ օրս հայտնի չէ, թե մրցաշրջանը երբ կվերսկսվի: