Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը ասել է, որ Ռուսաստանը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈւԵՖԱ) տրամադրել է կառավարության երաշխիքներ՝ 2021 թվականին մրցաշարի խաղերը անցկացնելու համար: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Մարտի կեսերին ՈւԵՖԱ-ն հետաձգեց Եվրոպայի առաջնությունը մինչև 2021 թվականը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ըստ նոր ծրագրերի՝ մրցաշարը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Միևնույն ժամանակ, մրցույթը կպահպանի Եվրո-2020 անվանումը:
Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենան» հյուրընկալելու է Եվրոպայի առաջնության խմբային փուլի երեք հանդիպում և մեկ քառորդ եզրափակիչ:
«Ընդհանուր առմամբ, բոլոր երաշխիքները համաձայնեցվել են, մեր երկիրը մեծ աշխատանք է կատարել, ընդգրկվել են բազմաթիվ գերատեսչություններ: Աշխատանքները ավարտվել են՝ չնայած դժվարին ժամանակին: Ռուսաստանը հաստատել է Եվրո-2020-ը հյուրընկալելու իր մտադրությունը», — ասել էՍորոկինը:
Ըստ նրա, մինչև «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի առաջնության խաղերը, լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Դրանք կապված կլինեն այն փաստի հետ, որ մայիսին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա այդ մարզադաշտում:
«Առավել աշխատատար և դինամիկ փոփոխությունները կապված կլինեն մարզադաշտի վերափոխման հետ: Անհրաժեշտ կլինի որքան հնարավոր է շուտ վերափոխել մարզադաշտը», — ասել է Սորոկինը: