«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ 40 մլն եվրոյի դիմաց թիմից կիսապաշտպան Լերոյ Սանեին չի վաճառի «Բավարիային»։ Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանեն 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Բավարիայի» հետ։ Bild-ի տեղեկացմամբ՝ Բունդեսլիգայի գործող չեմպիոնը հույս ունի 24-ամյա ֆուտբոլիստին ավելի ցածր գնով ձեռք բերել։ Ամենաքիչ գումարը, որը նրանք պատրաստ են առաջարկել «Սիթիին» 40 մլն եվրոն է, իսկ առավելագույնը՝ 60 մլն եվրոն։
Հիշեցնենք, որ Լերոյ Սանեն 2019-ի օգոստոսին մոտ էր «Բավարիա» տեղափոխությանը, բայց հետո ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ ու երկար ժամանակով շարքից դուրս եկավ, ինչի արդյունքում գործարքը ձախողվեց։ Այն ժամանակ հաղորդվում էր, որ մյունխենցիները համաձայնել էին խաղացողի համար 110 մլն եվրո վճարել։