Եթե ՀՖՖ-ն այս մրցաշրջանում վերջնական չլուծի «training compensation» հասկացության հարցը, ապա «Փյունիկի» ակադեմիայում հնարավոր է կրճատումներ լինեն։ Այս մասին ArmSport-ի հետ զրույցում նշել է երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
Միջազգային պրակտիկայում կա նման հասկացություն՝ «training compensation», այսինքն խաղացողի մարզումների փոխհատուցում։ Սողոմոնյանի հավաստմամբ, վերջին 4 տարին անընդմեջ, իրենց ակադեմիայի սաներին տանում են այլ ակումբներից, և իրենք դրա դիմաց ոչինչ չեն ստանում, ավելին՝ «մենք ստանում ենք դաշտում լուրջ հակառակորդներ»։
-Ստացվում է՝ որքան մենք լավ ենք կրթում մեր սաներին, այնքան նրանք ուժեղ են խաղում մեր դեմ, և սպորտային վերջնական արդյունքը աբսուրդային է ստացվում։ Անցած տարի մեր 6 լավագույն սաներին տարան, այս տարի՝ 4-ին։ Դա նորմալ չէ։ Օրինակ բերեմ, գալիս են ծնողները, թե գիտեք՝ Ձեր ակումբում ամեն ինչ լավ է, բայց այլ ակումբում մեզ խոստացել են, որ երեխան հանդես կգա հիմնական կազմում, այնպես որ կա՛մ դուք վերցրեք, կա՛մ մենք հեռանում ենք։ Ես բացատրում եմ, որ այդ որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը՝ ելնելով բացառապես նրանից, թե որքանով է Ձեր երեխան պատրաստ։
Նման իրավիճակներում ուզում ես ասել՝ ես դեմ չեմ, բայց այդ դեպքում վերադարձրեք այն գումարները, որ ես ներդրել եմ Ձեր երեխայի կրթության, դաստիարակության համար կամ թող տվյալ ակումբը փոխհատուցի։ Բոլոր երկրներում այդ պրակտիկան կա։ Օրինակ, եթե մեր սանն այլ երկրի ակադեմիա է գնում, մենք բավականին լավ փոխհատուցում ենք ստանում, իսկ Հայաստանում չգիտես ինչու՝ չկա նման բան։ Դա շատ վատ է և խարխլում է մանկապատանեկան ֆուտբոլը։ Ստացվում է, որ մենք ապահովագրված չենք էլեմենտար նույնիսկ այն գումարի չափով, որը ներդրել ենք տվյալ երեխայի կայացման մեջ։ Խոսքը մինչև 16 տարեկան երեխաների մասին է։ 16-ից սկսած մենք պայմանագիր ենք կնքում։ Օրինակ, փետրվարին, 16-ը չլրացած 4 տղաների մեզ մոտից տարան այլ ակումբ, որտեղ մարզիչը նաև հավաքականի մարզիչն է, և ծնողները հասկանում են՝ եթե երեխաներն այնտեղ խաղան, մեծ է հավանականությունը, որ այնտեղից հավաքականում կհայտնվեն և զինվորական ծառայության չեն մեկնի։ Ստացվում է, որ ես այդ երեխաների զարգացման մեջ ներդրում արեցի և հիմա դա կորուստ է մեր ակումբի համար:
-Այսինքն Դուք այս խնդրի լուծումը տեսնում եք կանոնակարգմա՞ն ճանապարհով, թե՞ բարոյական նորմերի շրջանակներում։
-Ոչ, ոչ, բարոյական նորմերի շրջանակներում չէ։ Ես այդ մասին միշտ եմ խոսում և այդ հարցը բարձրացնում ֆեդերացիայում։ Նրանք միշտ խոստանում են, որ կլուծեն այդ հարցը Գործկոմի մակարդակով, բայց որքան ժամանակ է՝ այդ հարցը չի լուծվում։ Եթե այդպես շարունակվի, կարող է քայքայիչ ազդեցություն ունենալ մանկապատանեկան ֆուտբոլի վրա։ Անկեղծ եմ ասում, որ նույնիսկ ես իմ էնտուզիազմով, արդեն լրջորեն սկսել եմ մտածել ակադեմիայում խաղացողների քանակը նվազեցնելու մասին։ Անցած տարի «Արարատ-Արմենիայի» հետ մեր խաղերից մեկի ժամանակ դաշտում ֆուտբոլիստներից 20-ը մեր սաներն էին։ Պարզ է, որ նրանք տարել էին մեր լավագույններին։ Մենք պարտվեցինք 0-3։ Եվ ես մտածում եմ՝ ի՞նչ իմաստ կա նրանում, որ ես այդքան ներդրում անեմ, որից հետո այդ տղաները մեր դեմ խաղան․․․հասկանում եք՝ դա սպանում է ցանկությունը։ Եթե այս մրցաշրջանի ընթացքում ֆեդերացիան չլուծի այդ հարցը, ապա ես հաջորդ մրցաշրջանից կսկսեմ մտածել ակադեմիայում կրճատումների մասին: Ռուսաստանում լուրջ փոխհատուցումներ կան, այդ համակարգը լավ գործում է նաև Վրաստանում, Մոլդովայում, ԱՊՀ բոլոր երկներում էլ այդ հարցը վաղուց լուծված է, Հայաստանում ինչու է այն արգելակվել՝ չեմ հասկանում։ Սա ֆուտբոլի հիմքն է, եթե հիմքը չլինի, ապա ֆուտբոլ էլ չի լինի։ Իսկ մանկապատանեկան ֆուտբոլում, ցավոք, առայժմ ամեն ինչ միայն կառուցված է էնտուզիազմի վրա։ Եվ այն, ինչ այսօր մենք ունենք մանկապատանեկան ֆուտբոլում, շատ զիջում է եվրոպականին, ռուսականին․․․
-Այստեղ միայն մարզական-տեխնիկական պայմանների մե՞ջ է խնդիրը, թե՞․․․
-Եթե նայեք և համեմատեք վերջին 15 տարին, աշխարհում այս ոլորտում շատ բան է փոխվել, իսկ մեզ մոտ մնացել է այնպես, ինչպես կար։ Փոխվել է հենց երեխաների պատրաստման մոտեցումներն ու ծրագրերը։ Ցավոք սրտի, Հայաստանում վերջին 20 տարում ճահճացում է, ոչինչ չի փոխվել։ Նկատի ունեմ ֆուտբոլային կրթական համակարգը, ծրագիրը։ Դա միայն ֆուտբոլ խաղալու համար չպետք է լինի, դա պետք է լինի համակարգ, որտեղ յուրաքանչյուր քայլը նախորդի շարունակությունն է, և ամենակարևորը պետք է կարողանալ մոտիվացնել երեխաներին, որ նրանք աշխատեն, որ նրանք ոչ միայն գան ֆուտբոլ խաղալու, այլև հասկանան, որ դա աշխատանք է։ Եվս մեկ շատ կարևոր հանգամանք էլ կա, որ բացակայում է Հայաստանում, դա՝ բացի ֆուտբոլ խաղալ սովորեցնելը, նաև անհատականություն ձևավորելն է։ Առաջին հերթին մեծ սպորտսմենը պետք է լինի մեծ անհատականություն։ Ֆուտբոլիստների պատրաստությունը նման է ցանկացած արտադրական պրոցեսի, եթե այն ճիշտ է կազմակերպված, ապա արդյունքն էլ լավն է, եթե ոչ․․․
Մենք հիմա հրաշալի երեխաներ ունենք՝ 2005, 2006, 2007 թվականներին ծնված, որոնք որոշ ժամանակ անց իմ կարծիքով կլինեն մեր հավաքականի առաջատարները։ Գիտեմ, որ «Ուրարտուն» էլ ունի լավ սաներ, և մեծ հույսեր ունեմ, որ երբևիցէ Հայաստանի հավաքականը դուրս կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Դա հնարավոր կլինի 5-6 տարի հետո, եթե մենք հիմա ամեն ինչ ճիշտ անենք։ Եթե նայենք, շատ հայ երեխաներ տաղանդավոր են, տեխնիկապես լավ տիրապետում են ֆուտբոլին, բայց արդյունքում չի հավաքվում այնպիսի թիմ, ինչպիսին կուզեինք․ Այստեղ խնդիրն ավելի խորքային է։
-Իսկ ֆուտբոլի ակադեմիան, բացի սեփական կադրերի հարցը լուծելը, կարո՞ղ է նաև շահութաբերություն ապահովել ակումբի համար։
-Եթե երեխաների պատրաստման գործընթացը ճիշտ կազմակերպվի, նույնիսկ 100-ից 1-2-ը դառնա Հենրիխ Մխիթարյան, դա արդեն իսկ կօգնի, որ ակումբը շարունակի գործել։ ՈՒԵՖԱ-ն նույնպես լուծման ճանապարհներ է փորձում գտնել, և դրա շրջանակներում մյուս տարվանից ՉԼ-ից և ԵԼ-ից բացի կլինի նաև Կոնֆեդերացիաների լիգա, և ես կարծում եմ, որ հայկական ակումբներն այդտեղ կհայտնվեն, և դա բավականին լավ եկամուտներ կբերի ակումբին։ Այնպես որ այն ակումբները, որոնք կկարողանան իրենց արդյունքներով հայտնվել այդ լիգայում, կկարողանան նվազագույնը իրենց առաջին թիմերի ծախսերը փոխհատուցել։
-Իսկ լուծման ի՞նչ ճանապարհներ եք տեսնում, որ Հայաստանում պրոֆեսիոնալ ֆուտբոլը դառնա ֆինանսապես շահավետ։
-Երևի այդ ճանապարհին շատ կարևոր գործընթաց կլինի պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը։ Բայց այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր է արդար մրցավարությունը։ Եթե ինչպես անցած մրցաշրջանին եղավ, երբ խաղի ելքը որոշվեց ոչ թե դաշտում, այլ դրանից դուրս, և մրցավարական սխալներն էլ երբեմն կանխամտածված էին, դա շատ է նվազեցնում ներդրումներ անելու և դրան մասնակցելու ցանկությունը։ Հայաստանը փոքր երկիր է, և թիմերն էլ շատ չեն, այնպես որ մենք շանս ունենք փոխհամաձայնության գալու, և վստահ եմ, որ բոլորին է կարևոր, որ պրոցեսն իսկապես լինի արդար և սպորտային, այդ դեպքում կմեծանա հետաքրքրությունը և՛ երկրպագուների, և՛ ակումբի տերերի մոտ։
Հուսով եմ՝ մի օր կգա ժամանակ, որ խաղերի հեռարձակումն էլ գումար կբերի, գովազդատուներին էլ այստեղ ավելի հետաքրքիր կդառնա։ Կարծում եմ, եթե պրոցեսը դարձնենք մրցակցային, բաց և հետաքրքիր, աստիճանաբար գումարները ֆուտբոլ կգան ոչ միայն ներդրողներից, այլև գովազդատուներից և այլ հետաքրքված շրջանակներից։ Շանսերը մեծ են Հայաստանում, մենք ֆուտբոլային երկիր ենք։